Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանի գույքը կմնա կալանքի տակ (տեսանյութ)

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Վահե Միսակյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասին պաշտպանի միջնորդությունը։ Դատարանի Ավանի եւ Նոր Նորք նստավայրում հրապարակվեց որոշումը։

Առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կազմակերպելու մեջ մեղադրվող Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը նշեց, որ իրենց բերված փաստարկներն ու փաստերը շատ հիմնավոր էին, իսկ քրեական հետապնդման մարմինների և ստորադաս դատարանների որոշումներն ակնհայտ անհիմն էին և չպատճառաբանված։ Նա նշեց, որ կծանոթանան որոշմանն ու կարծիք կհայտնեն որոշման պատճառաբանվածության աստիճանի վերաբերյալ․

«Գույքի վրա կալանք դնելու դատավարական գործընթացը պետք է համապատասխանի օրենսդրությամբ սահմանված պահանջներին՝ պետք է լինեն հիմքեր, նպատակներ։ Մեր համոզմամբ՝ քրեական հետապնդման մարմինները գույքի վրա կալանք դնելու որոշումը կայացրել են դրա հիմքերի ի սպառ բացակայությամբ։ Նման դատավարական խախտումներով գույքի վրա կալանք դնելու որոշում ես չեմ տեսել», - ասաց նա։

Գործով անցնող գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը մահացել են։

 Պաշտպանը նշեց, որ ցուցմունքները դատարանի որոշմամբ դատաքննության ընթացքում կհրապարակվեն, կգնահատվեն դրանց առժանահավատությունն ու թույլատրելիությունը  և դատական ակտ կայացնելու համար բավարարությունը։

Հիշեցնենք, որ  ըստ մեղադրական եզրակացության՝  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը: