Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Իշխանությունը ջղաձգվում է մեկ հովանոց դնելու համար, բայց նորմալ է ընդունում, երբ կենտրոնում վրանային ճամբար է տեղադրված» (տեսանյութ)

Ազգային ժողովրդավարական բևեռն առավոտյան Ազատության հրապարակում ցանկացել է հովանոց տեղադրել, սակայն  ոստիկանները  թույլ չեն տվել։

Ժամեր անց խնդիրը լուծվել է և հովանոցն այժմ տեղադրված է, - Ազատության հրապարակում ասուլիսի ընթացքում ասաց Ազգային ժողովրդավարական բևեռի անդամ, փաստաբան Արայիկ Պապիկյանը։ Նրա խոսքով՝ պետք է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ իրենք իրականացվող միջոցառումների մասին օրենքով սահմանված կարգով իրազեկել էին Երևանի քաղաքապետարանին․

«Ըստ էության, մենք որևէ անօրինական գործողություն չէինք կատարում, սակայն տևական ժամանակ խոչընդոտներ էին առաջացել իրավապահ մարմինների կողմից», - ասաց նա։

Փաստաբանը նշեց՝ ուզում է հորդորել իրավապահ մարմիններին, որ կատարեն այն գործառույթները, որի համար կոչված են և արհեստական խոչընդոտներ չստեղծեն․

«Մեզ համար հասկանալի է, որ այդ խոչընդոտները ստեղծելու պատվերը գալիս է քաղաքական իշխանությունից, որ ջղաձգումների մեջ է։ Նրանց համար անակնկալ է, կամ անսպասելի, գուցե նաև անցանկալի, որ Ազգային ժողովրդավարական բևեռն իր գործողություններով ճիշտ, թիրախային հարվածներ է հասցնում և դրանով ի ցույց դնում այսօրվա քաղաքական իշխանության սնանկությունը», - ասաց Արայիկ Պապիկյանը։

Այն, որ հովանոցն այժմ տեղադրված է, նրա խոսքով, ոչ թե իշխանության կամ իրավապահների բարեհաճությունն է, այլ նախ և առաջ հանրային ճնշումն է, պարտադրանքը՝ իրավունքի ուժով․

«Այսօր մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մի քանիսը տևական ժամանակով փակվել են և, ընդ որում, անհասկանալի պատճառաբանությամբ, բայց իշխանությունն ու իրավապահները նույնիսկ քայլ չեն իրականացնում այդ գործողություններին վերջ տալու համար։ Իշխանությունը ջղաձգվում է մեկ հովանոց դնելու համար, սակայն շատ նորմալ է ընդունում, երբ Երևանի կենտրոնում վրանային ճամբար է տեղադրված։ Մեզ համար հասկանալի է, որովհետև իշխանությունն ավելի մեծ վտանգ տեսնում է Ազգային ժողովրդավարական բևեռի կատարած գործողություններից, քան այն ուժերից, որոնք որպես ընդդիմադիր փակում են քաղաքի փողոցները», - ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ իրենց չէին թույլատրել Մատենադարանի մոտ վրան տեղադրել, մինչդեռ իրենք պատրաստ էին ողջամիտ հեռավորության վրա տեղադրել, որով չէր խաթարվի Մատենադարանի տարածքի էսթետիկական վիճակը։

Ազգային ժողովրդավարական բևեռը, նշեց Պապիկյանը, նաև մարզերում է տարբեր միջոցառումներ իրականացնում և դրանք բոլորը իրականացվում են օրենքին համապատասխան, փոխարենը տարբեր միջոցառումներ խոչընդոտվել են՝ իրազեկման երթի ժամանակ կոտրվել է մեքենայի ապակին, Մատենադարանի մոտից բերման են ենթարկվել նախաձեռնության մի քանի աջակիցներ․

«Այս օրերին, հաշվի առնելով նաև Հանրապետությունում ստեղծված լարված իրավիճակը, մենք ձեռնպահ ենք մնացել դրանց մասին բարձրաձայնելուց և լրացուցիչ էմոցիոնալ ֆոն ստեղծելուց։ Այսօր առավոտյան իրավապահների խոչընդոտներն էլ տրամաբանական շղթան են վերջին շաբաթների մեր նկատմամբ իրականացված գործողությունների», - ասաց փաստաբանը։