Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ռուսաստանը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մասնատում է Հայաստանը․ նամակ ՌԴ դեսպանին (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետությունում
Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան
Պարոն Սերգեյ Կոպիրկինին

Հարգելի պարոն Կոպիրկին
Այսօր լրացավ բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև 1921 թ. մարտի 16-ի տխրահռչակ Մոսկվայի պայմանագրի ստորագրման 100-ամյակը։

Մոսկվայի պայմանագիրն ապօրինի է, քանի որ նրա կողմերը պայմանագրի ստորագրման պահին միջազգայնորեն ճանաչված չեն եղել և պայմանագիր են կնքել երրորդ կողմի՝ Հայաստանի, վերաբերյալ, որն այդ ժամանակ միջազգայնորեն ճանաչված պետություն էր:

Խորհրդային Միության Գերագույն խորհուրդը 1989 թ. դատապարտել է նույն զավթչական տրամաբանությամբ կնքված և նույն կերպով միջազգային իրավունքը ոտնահարող Մոլոտով֊-Ռիբենտրոպ պայմանագիրը: Մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունը, լինելով բոլշևիկյան Ռուսաստանի և Խորհրդային Միության իրավահաջորդ, մինչ օրս չի դատապարտում Մոսկվայի պայմանագիրը և սրբորեն կատարում է այն։

Ավելին, Ռուսաստանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ միասին մասնատում է Հայաստանի Հանրապետությունը, այդ թվում՝ զավթելով դեռևս 1920 թ. փետրվարի 24-ի Ազգերի լիգայի որոշմամբ նրա տարածքի մաս ճանաչված Արցախը։

Մասնավորապես՝ Ռուսաստանը հեղինակել է Հայաստանի Հանրապետությանը կապիտուլյացիայի ենթարկելու, Արցախը զավթելու, Սյունիքը Ադրբեջանի ու Թուրքիայի համար տարանցիկ գոտի դարձնելու և Հայաստանին ապօրինի սահմաններ պարտադրելու վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և ամեն գնով, այդ թվում՝ Ադրբեջանի ու Թուրքիայի ձեռքով իրականացվելիք նոր ցեղասպանության սպառնալիքի միջոցով, ձգտում է կյանքի կոչել այդ ապօրինի փաստաթղթի դրույթները:  

Խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ռուսաստանի Դաշնության՝ արդեն մեկ դար տևող երկդիմի ու զավթչական քաղաքականությունը, այն ամրագրող՝ 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերն ու դրանց տրամաբանական շարունակությունը դարձած 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

Ռուսաստանի Դաշնությունից պահանջում ենք դադարեցնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ նման քաղաքականությունը, Ռիբենտրոպ-Մոլոտով պայմանագրի օրինակով դատապարտել 1921 թ. Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը, ինչպես նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Ռուսաստանը պարտավոր է քաղաքակիրթ աշխարհի հետ համագործակցաբար չեզոքացնել դրանց աղետալի հետևանքները՝ ճանաչելով ու վերականգնելով Հայաստանի և հայության անօտարելի իրավունքները, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և դրա նկատմամբ նրա իրավազորությունը, ինչպես նաև փոխհատուցել հասցված վնասները։

Հայաստանը պատրաստ է արժանապատիվ և իրավահավասար հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, որը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ նա ունակ կլինի ընդունել և մաքրել մեր հարաբերությունների պատմության սև էջերը։

Հարգանքով՝ Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ
16 մարտի 2021 թ., ք. Երևան