Բացել լրահոսը Փակել լրահոսը
jZjGsfnCNwdU1rR7
A A
Տեսանյութեր Հասարակություն

Առողջապահության նախարարը՝ օնլայն դասերի եւ եվրոպացիների կասկածը հարուցած AstraZeneca-ի մասին (տեսանյութ)

Կհրաժարվի արդյո՞ք Հայաստանը   բրիտանա-շվեդական արտադրության AstraZeneca պատվաստանյութից, ինչպես  եվրոպական մի շարք երկրներ։ Կա կասկած, որ դրանով պատվաստվածների մոտ  տրոմբեր են առաջանում։

«Մենք ուշադրությամբ հետևում ենք բոլոր հրապարակումներին, մեր մասնագիտական խորհուրդը անընդհատ կապի մեջ է ԱՀԿ գրասենյակի հետ և մեր գործողությունները պայմանավորված են ընթացքով։ Նորմալ գործընթաց է, երբ երկրները ժամանակավոր կասեցրել են որոշակի խմբաքանակների գործընթացը։ Դրանք պիտի լրացուցիչ հետազոտեն և հասկանան՝ արդյո՞ք կողմնակի ազդեցությունները կապված են եղել պատվաստանյութի հետ, թե ոչ», - ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Կորոնավիրուսի պատվաստանյութի նոր խմբաքանակը Հայաստան  դեռ չի հասել։ Հայաստանում 300  բուժաշխատող  պատվաստվել են  մեր երկրին նվիրած ռուսական  Sputnik V-ով։

Կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպքերը վերջին շաբաթներին ավելացել են։

Այս շաբաթվա ընթացքում, նախարարի խոսքով, կորոնավիրուսի համար լրացուցիչ բժշկական կենտրոններ են վերապրոֆիլավորում, նաև որոշ բժշկական կենտրոններում մեծացնում են մահճակալային ֆոնդը։

Նա նշեց՝ 2500 մահճակալ ապահովելու հնարավորություն ունեն։ Այս պահին 10 կենտրոն է սպասարկում քովիդով վարակվածներին։ Անցյալ տարվա ընթացքում բավականին մեծ ներդրումներ են իրականացվել, այդ թվում՝ թթվածնային ապահովման հետ կապված։ Այս պահին էլ չկան քաղաքացիներ, որ բժշկական օգնության պակաս ունեն։

«Նախորդ 10 օրվա ընթացքում կանոնների պահպանման վերահսկողությունը բավականին մեծացել է և վերջին շաբաթվա ընթացքում դիմակների կրման ռեժիմն ավելի լավ է պահպանվում։ Այս միջոցները պիտի օգնեն վիճակը կառավարել», - ասաց նախարարը։

Այս պահին կարանտինի որոշման փոփոխության և լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու քննարկումներ չկան, ասաց Ավանեսյանը։ Նպատակն արդեն առկա սահմանափակումները ճիշտ իրագործելն է․

«Այն դպրոցները, որտեղ վարակման ցուցանիշները մեծանում են, կարանտինի որոշման ստեղծված գործիքակազմով իրենք անցնում են օնլայն ռեժիմի։ Այն դպրոցներում, որտեղ վիճակը լավ է, շարունակվում են դասերը», - ասաց նա։

Կորոնավիրուսի  բրիտանական շտամի հայտնաբերումը, նրա խոսքով, լրացուցիչ հետազոտություններ է պահանջում։ Հայաստանում էլ հետազոտություններ իրականացրել են և չեն հայտնաբերել նման շտամներ։

Անհայտ կորած զինծառայողների ծնողների՝ ԴՆԹ պատասխաններից բողոքների վերաբերյալ նախարարը նշեց, որ ցանկացած անձ ունի կրկնակի փորձաքննություն անցկացնելու իրավունք և եթե կան հստակ, կոնկրետ դեպքեր, որի հետ կներկայացնեն անուն ազգանուն, որ կարողանան հասկանալ՝ ինչն է խնդիրը, հստակ կպատասխանեն և կօգնեն։