Առաջիկա 10 օրվա մեջ պետք է խորհրդարանի լուծարման գործընթացը մեկնարկի․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրտահերթ ընտրություններ անցկացնելու կոնսենսուսի հնարավորություն կա, բայց դժվար է ասել, որ կոնսենսուս կա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Ես չեմ ուզենա, որ մենք արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի մոտեցումները որևէ ձևով քննարկման առարկա չդարձնենք։ Կարող է լինի հնարավորություն, որ խորհրդարանական ուժերի միջև լինի կոնսենսուս, բայց կոնսենսուսը պետք է փնտրել նաև դրսում։ Ամեն դեպքում, հիմա մենք ամեն ջանք գործադրում ենք, որ այդ կոնսենսուսը լինի»։
Մարուքյանը շեշտեց՝ իրենց կուսակցության համար արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամկետը հետևյալն է՝ մինչև հունիսի 1-ը պետք է ընտրություններն ավարտված լինեն․
«Դա նշանակում է, որ առաջիկա 10 օրվա մեջ պետք է խորհրդարանի լուծարման գործընթացը մեկնարկի։ Մենք կունենանք համախոհություն, եթե մեր ասած ժամկետում իրականացվի։ Հունիսի 1-ից հետո մենք չենք կարող երաշխավորել, որ խորհրդարանում վարչապետի թեկնածուի առաջադրումներ չեն լինի»,-նշեց Մարուքյանը և հավելեց, որ տեսնում է, որ իշխանությունն ունի կամք՝ գնալու արտահերթ ընտրությունների։
Նշեց, որ պատրաստ են ընտրությունների գնալ նաև հին ընտրական օրենսգրքով։
Ըստ Մարուքյանի՝ ընտրությունների գնալու ժամկետը կարևոր է, որովհետև ճգնաժամն այնքան խորն է, որ պետք է արագ հանգուցալուծում տալ, իսկ այդ արագ հանգուցալուծումը կարող է ընտրվել մինչև հունիսի 1-ը։
Իշխանությունը պետք է գնա զիջումների, որպեսզի արտահերթ ընտրությունների շուրջ ձևավորվի հանրային այլ կոնսենսուս, -նշեց Մարուքյանը։