Բացել լրահոսը Փակել լրահոսը
1046040
A A
Քաղաքականություն

Իլհամ Ալիևն Անն Լինդեի հետ հանդիպմանը կարևորել է ԵԱՀԿ-ի դերը ԼՂ հակամարտության լուծման գործում

Տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ժամանել է Բաքու, որտեղ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջը, Ալիևը հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցության վերականգնումը կարող է ելակետ դառնալ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունն ամբողջությամբ անցյալում թողնելու համար:

«Մենք արդեն սկսել ենք բանակցությունները Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցության բացման վերաբերյալ: Սա նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության մի մասն է: Բանակցությունների մի քանի փուլեր տարբեր մակարդակներում արդեն կայացել են: Կարծում եմ, որ հենց այս հարցը կարող է ելակետ դառնալ պատերազմի էջն ամբողջությամբ թերթելու և այն պատմության մեջ թողնելու համար»,- նշել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նաև կարևորել է ԵԱՀԿ-ի ներգրավվածությունը հակամարտության լուծման գործում:

ԵԱՀԿ գործող նախագահը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կիսվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից լուսանկարով և գրել, որ կառուցողական քննարկումներ են անցկացրել ԵԱՀԿ-ի հետ փոխհարաբերությունների եւ տարածաշրջանային գործընթացների շուրջ:

«Ընդգծվել է ԵԱՀԿ-ի եւ Մինսկի խմբի համանախագահների կարևոր դերը՝ չլուծված խնդիրների լուծման գործում»,- գրել է Լինդեն:

ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն մարտի 15-ի երեկոյան կժամանի Հայաստան` քննարկելու ղարաբաղյան խնդիրն ու պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։