Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռազմական դրությունը վերացնելու` ընդդիմադիր խմբակցությունների նախագիծը չընդունվեց (տեսանյութ)

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները՝ ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն առաջարկում են վերացնել սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությունը։ 

Այս մասին հարցը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում զեկուցեց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։

Նրա խոսքով՝ ռազմական դրության հիմքերն այլևս վերացած են։

Արման Աբովյանը նաև ընդգծեց` ռազմական դրությունը ամբողջ ծավալով չի համապատասխանում ստեղծված իրավիճակին և լուրջ խոչընդոտ է քաղաքական զարգացումների համար։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նկատեց՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցները փակ են, ինչո՞վ է խոչընդոտում ռազմական դրությունը քաղաքական զարգացումներին։

Աբովյանն արձագանքեց՝ ռազմական դրությունն ունի միայն ու միայն քաղաքական բնույթ, օրինակ՝ ռազմական դրության ժամանակ հնարավոր չէ անվստահություն հայտնել վարչապետին, բացի այդ՝ ռազմական դրությունը խոչընդոտ է, որպեսզի ընդդիմությունն իրացնի իր իրավունքները ամբողջ ծավալով։

Քոչարյանը նախ հիշեցրեց Գլխավոր շտաբի հայտարարությունը, նաև նշեց՝ պատրաստվում են գնալ քաղաքական լուծումների, հետևաբար՝ ռազմական դրությունը պետք է այսպես թե այնպես հանվի։

Արման Աբովյանը նշեց՝ ռազմական դրության պայմաններում արտահերթ ընտրություններ անցկացվել չեն կարող, վարչապետին անվստահություն հայտնել հնարավոր չէ, մինչդեռ օրերցօր իրավիճակը սրվում է, գնում է դեպի ռադիկալիզացիայի, իսկ իրավիճակը թոթափելու համար պետք է լուծումներ գտնել քաղաքական դաշտում․ ռազմական դրության վերացումը քաղաքական ուժերին թույլ տրվի ավելի ազատ գործել։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն էլ նկատեց, թե իրավիճակի թոթափման համար կարելի է համատեղ նստել մեկ սեղանի շուրջ և խոսել, ինչին ռազմական դրությունը չի խանգարում։

Հարցի հարակից զեկուցող իշխանական խմբակցությունից Արմեն Խաչատրյանը նշեց, թե դեռ կան սահմանային խնդիրներ, բանակի շատ արագ վերակազմավորման աշխատանքներ են ընթանում, հակառակորդ երկրներում ընթանում են զորավարժություններ, և ռազմական դրության պահպանումը հենց այս խնդիրների հետ է կապված։

Խաչատրյանը հորդորեց սպասել համապատասխան գերատեսչությունների ազդակներին։

Նա նաև նկատեց, որ ռազմական դրությունը որպես գործիք չի ծառայեցվել ընդդիմության ակցիաներն ու ցույցերը ճնշելու համար, և սա քաղաքական որոշում է, մինչդեռ խոչընդոտվում է բնակչության մեծամասնության ազատ տեղաշարժվելու, երթևեկելու իրավունքները։

Ելույթ ունեցավ նաև ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով հիշեցրեց՝ սա ռազմական դրությունը վերացնելու վերաբերյալ իրենց երրորդ նախագիծն է, և ակնհայտ է, որ ռազմական դրությունը պահպանելու իմաստ չկա։

Մարուքյանը ևս նշեց, որ խորհրդարանական ընդդիմությունը չի կարող անվստահության գործընթաց սկսել, Իջևանում ընտրությունները հետաձգվեցին ռազմական դրության պատճառով, այսինքն՝ ժողովրդավարական գործընթացները խոչընդոտվում են ռազմական դրության պատճառով։

ԼՀԿ ղեկավարը ևս պնդեց՝ ռազմական դրությունը պահպանվում է միայն քաղաքական նպատակներով։

Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց, թե արժեր ունենալ պաշտպանական գերատեսչության կարծիքը, նաև նշեց, որ Կառավարությունը առաջիկայում հանդես գալու է ռազական դրությունը հանելու նախաձեռնությամբ՝ կապված քաղաքական գործընթացների հետ։ Արմեն Խաչատրյանը վստահեցրեց՝ տարբերությունը կարող է լինել մեկ շաբաթ կամ 10 օր՝ ընդդիմության ներկայացրած ընթացակարգով ռազմական դրությունը հանելու և կառավարության որոշման միջև։

Հանձնաժողովի նիստում ընդդիմության նախագիծը չընդունվեց։