ՀՔԾ-ն կանաչ լույս է վառո՞ւմ նոր բռնությունների համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀինգ տարի նախաքննության փուլում գտնվող Սարի թաղի գործի քննությունը կրկին կասեցվել է նախկին հիմնավորմամբ։ Լրագրողների դեմ բռնություն գործած անձինք չեն հայտնաբերվել։
«Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գրավումից հետո տեղի ունեցած զանգվածային միջոցառումների ժամանակ խոչնդոտվել էր լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը՝ բռնության զուգորդմամբ։
Գործի քննությունը կասեցվել էր 2018-ի սեպտեմբերին, այնուհետև մեկ տարի անց՝ 2019-ի օգոստոսին վերաբացվել էր։
«Այս պահին, ըստ Հատուկ քննչական ծառայության, արդեն սպառված են բոլոր հնարավոր միջոցները, որոնք կարող են ձեռնարկել և այդ հիմնավորումով ներկայումս գործի վարույթը կասեցվել է։ Գործի վարույթը կասեցվել էր նաև 2018թ․-ի սեպտեմբերին և մենք բողոքարկել էինք այդ որոշումը։ Կասեցվել էր նույն հիմնավորմամբ։ Այն ժամանակ էլ հատուկ քննչական ծառայությունը գտնում էր, որ իրենք բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարել էին և անհրաժեշտ էր գործը կասեցնել», -ասում է տուժած լրագրողների շահերը ներկայացնող փաստաբան Կարեն Տոնոյանը։
Նրա խոսքով, եթե գործը կասեցվել է, չի նշանակում, որ քննիչը չի կարող քննչական և դատավարական գործողություններ իրականացրել, սակայն․
«Եթե ակտիվ նախաքննության փուլում ՀՔԾ-ն չի կարողանում բացահայտել որպես մեղադրյալ ներգրավված անձանց, մեզ մոտ խիստ կասկածներ են առաջանում՝ կասեցված վիճակով ինչպե՞ս պետք է կարողանա։ Մենք դա ընկալում ենք որպես գործի վարույթի կարճում, ոչ թե կասեցում», - ասաց նա։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ 2016թ իրադարձությունների ընթացքում ոստիկանական գործողություններից տուժել են 27 լրագրող եւ օպերատոր, որոնցից 19-ը ենթարկվել ֆիզիկական բռնությունների՝ ստանալով մարմնական վնասվածքներ, 8-ը բախվեցին տարատեսակ այլ ճնշումների եւ հետապնդումների:
«Ես շարունակում եմ պնդել, որ Հատուկ քննչական ծառայությունը 2016թ․-ից ի վեր լուրջ չի վերաբերվել այս գործին և նպատակ չի ունեցել բացահայտել բոլոր մեղավորներին և պատասխանատվության ենթարկել», - ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Նրա խոսքով՝ այսպիսի աղմկահարույց քրեական գործին նման մոտեցումը, որտեղ 20-ից ավել լրագրողներ և օպերատորներ են տուժել, քննչական ծառայությունը կանաչ լույս է վառում նոր բռնությունների համար, որոնք մնում են անպատիժ․
«Հատուկ քննչական ծառայության պետը նշանակվել է հեղափոխությունից հետո, սակայն գործով զբաղվող քննիչները նույնն են։ Սակայն պետի հետևողականության շնորհիվ գուցե հնարավոր լիներ ինչ-որ բան անել», - ասաց Աշոտ Մելիքյանը։
Գործի մասով հարցաքննության Սարի թաղում ոստիկանական գործողություններից տուժած ֆոտոլրագրող Գևորգ Ղազարյանը նշում է՝ անգամ հստակ չի հիշում, թե վերջին անգամ երբ է հրավիրվել ՀՔԾ, ամենայն հավանականությամբ մինչև 2018թ․ կասեցումը։
Ի դեպ, Կարեն Տոնոյանի խոսքով այն է, որ եթե նույնիսկ մի քանի տարի անց բռնություն գործադրող անձինք բացահայտվեն, կարող է առաջանալ հանցանք կատարելու վաղեմության ժամկետների խնդիրը և նրանք պատասխանատվության չենթարկվեն։
Գործի նախաքննությունը պետք էր արագ իրականացնել դեպքերի տեղի ունենալուց անմիջապես հետո, քանի որ տարիներ անց շատ ականատեսներ գուցե սկսեն մոռանալ մանրամասները, լրագրողները կարող են նախնական ցուցմունքներից նաև տարբեր ցուցմունքներ տալ, ինչը քննչական մարմինները կարող են համարել ոչ արժանահավատ։
Ըստ նրա՝ եւ ի վերջո, եթե տեղի ունենա առերեսում, ականատեսները գուցե արդեն դեմքերը հիշել չկարողանան։
Գեւորգ Ղազարյանը համաձայնվեց, որ, իրոք, այժմ եթե լինեն մարդիկ, որոնցից պետք է ճանաչել իր դեմ բռնություն գործադրողին, նա, ամենայն հավանականությամբ, չի հիշի։