Ամեն ամիս ԱԱՀ-ն կվերադարձվի․ տնտեսվարողների շրջանառու միջոցները կավելանան․ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱվելացված արժեքի հարկը գործարարներին կվերադարձվի յուրաքանչյուր ամսվա կտրվածքով գործող եռամսյակի փոխարեն։ Կառավարությունն այսօրվա նիստում հասատվեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։
Հարցը զեկուցեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, ով նշեց, որ այս կարգավումը նպատակ ունի տնտեսվարողներին հնարավորություն տալ ավելի արագ տնօրինել շրջանառվող միջոցները և այն ներարկել տնտեսություն․
«Նպատակ ունենալով կատարելագործել ԱԱՀ վճարման ընդհանուր գործընթացը՝ նշված առաջարկը հնարավորություն կտա տնտեսավարողներին չսպասել մինչև եռամսյակի ավարտը, և ամսեկան արդյունքներով հետ ստանալ սահմանին վճարված կամ ներքին տնտեսության մեջ վճարված ԱԱՀ գումարները։ Միաժամանակ, պարզեցված ընթացակարգով ԱԱՀ վերադարձի եռամսյակի համար նախատեսված 40 մլն սահմանաչափը նախատեսվում է յուրաքանչյուր ամսվա համար։ Եվ ըստ այդմ՝ տնտեսվարողների համար այդ գումարը եռապատկվում է»,- ասաց Հովհաննիսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց․
«2018 թվականի դրությամբ այս համակարգը գործում էր վեցամյսա տրամաբանությամբ։ Ինչն է իմաստը, երբ ընկերությունները արտահանում են արտադրանք, մեր օրենսդրությամբ ԱԱՀ չափով գումարը վերադարձվում է տնտեսվարողին։ 2018 թվականի մայիսի դրությամբ այս պրոցեսը հետևյալն էր՝ գումարը վերադարձվում էր վեց ամիսը մեկ։ Բայց 2018 թվականի մայիսի դրությամբ մենք ունեինք մոտավորապես 100 մլրդ դրամի պարտք տնտեսվարողներին՝ ԱԱՀ վերադարձի նախկինից կուտակված պարտքեր։ Նախ մենք առաջին փուլով էականորեն մաշեցրինք այդ գումարը, հաջորդ փոփոխությունը, որն արեցինք, այս ցիկլը փոխեցինք եռամսյա ժամկետի։ Այն ժամանակ մենք հայտարարեցինք, որ գումարները պետք է վերադարձվեն ամենամսյա կտրվածքով։ Եվ հիմա մենք արդեն վերադառնում ենք ամենամսյա վերադարձի փուլին»։
Ըստ Փաշինյանի՝ ամեն ամիս վերադարձի ենթակա գումարը կվերադարձվի, իսկ տնտեսվարողների շրջանառու միջոցները կավելանան․
«Ուզում եմ ընդգծել, որ սա մեր նախկինում ստանձնած պարտավորության ու խոստման կատարում է, որը չափազանց կարևոր է։ Այսպիսով՝ ԱԱՀ թեման, որը տասնամյակներով գոյություն է ունեցել, մենք լուծում ենք, և ավարտում ենք այս պրոցեսը»,- եզրափակեց վարչապետը։