Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ամբողջ սահմանամերձ գոտում խուճապ է առաջացրել նախկին վարչապետի հայտարարությունը․ պատգամավոր (տեսանյութ)

Պարտությունը բանակի վրա բարդելու որևէ փորձ չի եղել։ Այ մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե լիովին հասկանալի է բանակի դիրքորոշումը՝ միջամտելու քաղաքական գործընթացներին, ինչի պատճառը վարչապետի անզգույշ փորձն է՝ նվաստացուցիչ պարտության մեղքը բանակի վրա բարդելու։

Պատգամավորը նաև ընդգծեց՝ հայտարարությունը ուղղված էր բանակին և այն ուժերին, ովքեր փորձ են անում բանակը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու։

Մեր հարցին, թե ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ հայտարարությունից հետո ինչո՞ւ իրավական գործընթացներ չեն հաջորդել, պատգամավորն արձագանքեց, թե վստահ չէ, որ իրավական գործընթացներ չեն հաջորդել․

«Այդ հարցին ավելի կոնկրետ կարող են պատասխանել քննչական մարմինները և Դատախազությունը, բայց ընդդիմադիրները փորձում են ամեն ինչ անել, որպեսզի բանակին խառնեն այն ամոթալի գործողությունների մեջ, որով նրանք զբաղված են, բայց ի պատիվ բանակի՝ բանակն իր տեղում է և կատարում է իր գործառույթները»։

Ջուլհակյանը չի կործում, որ նախագահ Արմեն Սարգսյանը ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հրամանգրի հարցով ՍԴ դիմելու հետ կապված իր որոշումը կփոխի։

Հարցին, թե արդյո՞ք ԳՇ տարածած հայտարարության մեջ օբյետիվ քննադատություն չկա, պատգամավորն արձագանքեց, թե անհրաժեշտ չի համարում մանրամասների մեջ խորանալ և ճշմարտության հատիկ փնտրել, որովհետև ըստ օրենքի՝ բանակը իրավունք չունի ներքաղաքական գործընթացների մեջ խառնվելու․

«Բանակը իրավունք չունի գնահատական տալ քաղաքական իշխանությանը, ստոպ տալ կամ սկիզբ տալ ինչ-որ բաների քաղաքական գործընթացների հետ կապված, պարտավոր է պահպանել քաղաքական զսպվածություն, շատ վտանգավոր նախադեպ է, երբ փորձ է արվում բանակը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ»։

Ինչ վերաբերում է Տավուշի հետ կապված վերջին քննարկումներին, պատգամավորն ասում է՝ Տավուշի հետ կապված հայտարարությունները տարածվել են պաշտոնական օղակներից․

«Դատապարտում եմ նման գործելաոճը, առավել ևս դատապարտում եմ, երբ նման պահվածք իրեն թույլ է տալիս մեկը, ով նախինում զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, և պետք է որ հասկանար՝ որքան վտանգավոր կարող են լինել նման հայտարարությունները պետությանը և պետականությանը հարվածելու տեսանկյունից։ Ամբողջ սահմանամերձ գոտում խուճապ է առաջացրել նախկին վարչապետի հայտարարությունը, իսկ երբ խփում ենք սահմանամերձ գոտուն, մենք ամբողջ պետությանն ենք հարվածում, սրան պետք է բավականին կոշտ գնահատական տրվի»,-նշեց պատգամավորը։