«Իքս» փուլից հետո, երբ ներքաղաքական վիճակը շիկացավ, գերիների վերադարձի գործընթացը կասեցվեց․ պատգամավոր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳերիների վերադարձի հետ կապված մենք ունեինք մեկ գործընթաց, որը սահուն կերպով ընթանում էր, և ինչ-որ փուլում դադար ունեցանք։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով մեր այն դիտարկմանը, թե իր հայտարարությունից հետո, թե դեռ նախորդ շաբաթ սպասում էին գերիների վերադարձին, բայց որոշակի ներքաղաքական զարգացումները դրանց խոչընդոտեցին, իրեն մեղադրում են թեման շահարկելու մեջ․
«Որոշ շրջանակների կողմից սա ճարպկորեն մանիպուլացվում է, և հարց է առաջանում՝ ո՞վ է այս հարցը մանիպուլացնում»։
Բաղդասարյանի խոսքով՝ «իքս» փուլից հետո, երբ ներքաղաքական վիճակը շիկացավ, գերիների վերադարձի գործընթացը կասեցվեց․
«Հիմա մենք հույս ենք հայտնում, որ այս շաբաթ որոշակիորեն դրական առաջընթաց կունենանք, և գործընթացները կրկին կվերսկսվեն։ Եղել են գործընթացներ, որոնք միտված են եղել վերադարձի պրոցեսին, եղել են նախանշված որոշակի ժամկետներ, և ցավոք սրտի, այդ ժամկետների առումով մենք չենք ունեցել արդյունք, հիմա ինչի՞ հետ է սա կապված, եթե ոչ ներքաղաքական իրավիճակի, որևէ այլ կոնտեքստում մենք որևէ փոփոխություն չենք ունեցել»։
Պատգամավորը համոզված է՝ ներքին կայունությունը ամրապնդելու է այս գործընթացում մեր դիրքերը։
Բաղդասարյանն ընդգծեց նաև՝ իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի սահմանադրական եղանակով, այս պարագայում՝ ընտրական գործընթացներով․
«Ընդդիմության փողոցային պայքարը որևէ արդյունք չի տվել և չի տալու, հետևաբար՝ մենք առաջարկել ենք գնալ ընտրությունների և մենք բաց ենք երկխոսության համար»։