Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արա Սաղաթելյանին ձերբակալել են, որպեսզի հաճոյանան նաև ադրբեջանական իշխանություններին․Վանեցյան (տեսանյութ)

Արա Սաղթելյանի ձերբակալմամբ շատերը ճանաչեցին նրան որպես Ադրբեջանի դեմ քարոզչություն իրականցնող մարդ։ Այս մասին Վերաքննիչ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Պարոն  Սաղաթելյանն իր գործունեության ընթացքում եղել է այն մարդկանցից, ով գտնվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների, մեդիադաշտի և նախագահի աշխատակազմի ուշադրության կենտրոնում վատ առումով, որովհետև պարոն Սաղաթելյանի գործունեության արդյունքում փլուզվել են ադրբեջանական քարոզչամեքենայի շատ թեզեր, դրա մասին վկայում են բազմաթիվ աշխատանքներ։  Այն, ինչ կատարվում է մեր երկրում, հիմք է տալիս մեզ ենթադրել, որ  Արա Սաղաթելյանին ձերբակալել են, որպեսզի հաճոյանան նաև ադրբեջանական իշխանություններին»։

Վանեցյանը հիշեցնում է՝ Արա Սաղաթելյանն արդեն 10 օր ձերբակալված է, բայց «Գագիկ Սողոմոնյան» ֆեյք օգտատերը շարունակում է ավելի ակտիվ գրառումներ անել, ինչը, ըստ Վանեցյանի, ծիծաղելի է․

«Այս ամենը նպատակ ունի, որպեսզի վախեցնեն մարդկանց, որպեսզի իշխանության հասցեին վատ բան չգրեն, Արա Սաղաթելյանին նման մեղադրանք առաջադրելը կոմեդիայի ժանրից է, նա չի թաքնվել որևէ մեկի հետևում իր կարծիքը արտահայտելու համար։ Հույս ունեմ, որ Վերաքննիչը Սաղաթելյանին ազատ արձակելու որոշում կկայացնի»։

Վանեցյանը ևս մեկ անգամ անդրադարձավ իր կողմից օրեր առաջ արված այն հայտարարությանը, թե եթե գա իշխանության, երեք օրում կկարողանա լուծել գերիների հարցը․

«Ես ասում եմ, որ այս իշխանությունը պարտվել է պատերազմում, Ադրբեջանի հետ ստորագրել է նվաստատուցիչ կապիտուլյացիոն պայմանագիր, չի ներկայացնում ՀՀ շահերը, և ըստ այդմ, չունի որևէ հնարավորություն լուծելու գերիներ հետ կապված հարցը։ Ես ասում եմ՝ երբ լինի իշխանափոխություն, ՀՀ նոր իշխանությունը Ադրբեջանի հետ կկարողանա նոր դիրքերից խոսել, և մի քանի օրվա ընթացքում հնարավոր կլինի վերադարձնել մեր գերիներին»։

Վանեցյանը կեղծ որակեց պնդումները, թե ընդդիմության բողոքի գործողությունները խանգարում են գերիների վերադարձին։

Ինչ վերաբերում է ԲԴԽ նախագահ-իշխանական պատագամավորներ երկխոսությանը, Վանեցյանը նախ ասաց, թե հիմնազուրկ են պնդումները, որ ինքը ազդեցություն է ունեցել Վարդազարյանի կայացրած որոշումների վրա․

«Այո, Ռուբեն Վարդազարյանն իմ ընկերն է, ես հպարտ եմ, որ ունեմ նման ընկեր և կցանկանայի, որպեսզի շատ մարդիկ ևս ունենային Ռուբեն Վարդազարյանի պես ընկեր։ Նրա հետ, ցավոք սրտի, աշխատանքից ազատվեուց հետո չեմ շփվել, բայց չեմ շփվել, որպեսզի չշահարկվի, նրա պահվածքը ԱԺ-ում շատ բարձր եմ գնահատում»։

Հիշեցնենք՝ Արա Սաղաթելյանին Ազգային անվտանգության ծառայությունը որպես մեղադրյալ է ներգրավել Ֆեյսբուքում Գագիկ Սողոմոնյան անվամբ հայտնի կեղծ էջի գործով։ Վերաքննիչն այսօր հրապարակում է Արա Սաղաթելյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։