Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վազգենն ամբողջությամբ գնահատված չի․ Արամ Սարգսյան (տեսանյութ)

Ազգային հերոս, Արցախի հերոս, ռազմական և պետական գործիչ, Սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր 62 տարեկան կդառնար։

«Հանրապետություն» կուսակցության անդամները, կուսակցության ղեկավար, Վազգեն Սարգսյանի եղբայր  Արամ Սարգսյանի գլխավորությամբ այսօր ծաղիկներ խոնարհեցին Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող Սպարապետի կիսանդրու առջև։

Կիսանդրու առջև ծաղիկներ խոնարհեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պարտությունից հետո հաղթած բանակի, հաղթած Պաշտպանության նախարարի, հետո նաև վարչապետի մասին խոսելը դժվար է,-ասում է Արամ Սարգյանը, միևնույն ժամանակ համոզմունք հայտնում՝ մեր պարտությունները սկսվեցին հենց հոկտեմբերի 27-ից՝ Վազգենի չգոյությունից․

«Վազգենի տեսակի բացակայությունն էր նաև պետության թե՛ նյութական ունեցվածքի բացակայությունը, թե՛ բանակում տեղի ունեցող հոգեբանական և տնտեսական խնդիրների առկայությունը, որոնք էլ բերեցին այս պատերազմում պարտության»։

Սպարապետի եղբայրը հիշում է՝ Վազգեն Սարգսյանն իր ծնունդը նշել չէր սիրում․

«Ամեն զոհվողի հետ զոհվում էր»,-հիշում է Արամ Սարգսյանը։

Ըստ նրա՝ Սպարապետն այսօր ամբողջությամբ գնահատված չէ․

«Մեր ժողովուրդը Վազգենին տեսնում է քաղաքական գործընթացների մեջ, բայց քաղաքական ենթատեքստերում էլ Վազգենը, Կարեն Դեմիրճյանի հետ «Միասնություն» դաշինքը կնքելով, ցույց տվեց, որ իր համար կարևորը ժողովրդի կամքն է»։

Սարգսյանի խոսքով՝ միանշանակ է, որ այն ժամանակ «Միասնություն» դաշինքը լուրջ ուժ էր, ՀՀ բանակը ամենակայացած ու մարտունակ բանակներից էր, և մեզ հետ հաշվի էին նստում։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե իշխանական որոշ պատգամավորներ պնդում են, որ 30 տարի բանակ չենք ունեցել, Սարգսյանն արձագանքեց․

«Մարդիկ թվերին երբեմն խնամքով չեն վերաբերում, եթե բանակ չունեինք, այդ դեպքում ինչպե՞ս եղավ, որ Ադրբեջանը պարտադրված եղավ հաշտության փաստաթուղթ ստորագրել Լեռնային Ղարաբաղի իշխանության հետ, այստեղ միտում չեմ տեսնում, բայց համարում եմ, որ այդ ենթատեքստում է ասվել»։