Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այս պահին մենք պատրաստ ենք կազմակերպել արտահերթ ընտրություններ․ «Իմ քայլի» ճեպազրույցը (տեսանյութ)

«Ռուբեն Վարդազարյանն իր՝ նոյեմբերի 15-ի, ակնհայտ քաղաքական հայտարարությամբ և մարտակոչով ներխուժել է քաղաքական գործընթացների դաշտ և ապահովել է իրավական տանիք մի շարք հարցերի, վճիռների վերաբերյալ՝ կանխորոշելով դրանց արդյունքները», - «Իմ քայլի» ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը։

Փաստացի, Ռուբեն Վարդազարյանը, լինելով ԲԴԽ նախագահ և պատասխանատու լինելով իր մասով դատական համակարգի անաչառության համար, նշեց Կոնջորյանը, դարձել է նույն դատական համակարգի անաչառության ամենամեծ կասկածը։ Նա անդրադարձավ ԱԺ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քննարկումներին եւ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ հարց ու պատասխանին։

 «Այդ մի քանի օրերի քննարկումը եղել է խորհրդարանի և դատական համակարգի երկխոսություն, եղել է ներկայացուցչական առաջնային մանդատով օժտված մարմնում քաղաքացիներին հուզող հարցերի քննարկում, և փաստացի Ռուբեն Վարդազարյանը ներկայացնում էր ոչ միայն իրեն, այլև ամբողջ դատական համակարգը։ Եվ նրա գործունեությունը, քայլերը, քաղաքական դաշտ ներխուժելը ընդհանուր բացասական են ազդել դատական համակարգի վրա», - ասաց Հայկ Կոնջորյանը։

ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ համարում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ ուղղված դատավորներին, որին էլ իր կոչում հղում էր արել Ռուբեն Վարդազարյանը՝ «դուք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր եք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ», կտրված էին կոնտեքստից․

«Եթե անգամ վարչապետը վիրավորել էր, բացարձակապես պարտադիր չէր, որ ԲԴԽ նախագահը կրկներ այդ խոսքերը։ Եվ հետո, կա պաշտոնների տարբերություն վարչապետի, որ քաղաքական ինստիտուտ է և պետք է քաղաքական խոսք հնչեցնի, և բարձրագույն դատական խորհրդի նախագահի խոսքի միջև, որին արգելված է առհասարակ քաղաքական որևէ դիրքորոշման արտահայտումը։ Եվ դա իմ կարծիքը չէ, որ տարբերություն կա, դա հստակ նախատեսված է օրենսդրությամբ», - ասաց Սուրեն Գրիգորյանը։

Հայկ Կոնջորյանն անդրադարձավ արտահերթ ընտրություններին՝ նշելով, որ վարչապետը հանդիպում է ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ, առաջարկ է արվել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և վարչապետը նշել է, որ պատրաստ են գնալ խորհրդարանական արտահերթ ընտրությունների․

«Եթե կոնսենսուսային որոշում չլինի, ապա ի՞նչ կլինի։ Թույլ տվեք այս պահին, քանի դեռ քննարկումները գնում են, չպատասխանենք եթե-ներով հարցերի։ Այս պահին մենք պատրաստ ենք կազմակերպել արտահերթ ընտրություններ՝ որպես իշխանություն հասկանալով և գիտակցելով մեր առաջնային պատասխանատվությունը՝ մեր երկրում քաղաքական կայունություն հաստատելու գործում»։

Լրագրողներից մեկը նշեց, որ քաղաքացիները ծաղկեպսակ են դրել «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանի տան մոտ, արդյո՞ք սա 2018-ին հենց «Իմ քայլի» և նրանց սատարողների նույնանման գործունեության արդյունքը չէ, Հայկ Կոնջորյանը, Սուրեն Գրիգորյանը և Արուսյակ Ջուլհակյանը պատասխանեցին, որ իրենց համար բոլոր տարիներին էլ դատապարտելի է պատգամավորների հանդեպ նման վերաբերմունքը և քաղաքական գործիչների հանդեպ կարող է լինել ամենակոշտ քննադատությունը միայն իրենց գործունեության շրջանակներում։

Արուսյակ Ջուլհակյանը հավելեց, որ քաղաքական դաշտում դագաղների, ծաղկեպսակների երևույթներն ի հայտ են եկել ոչ թե 2018-ին, այլ դեռևս 2008-ին, երբ ներկայիս ընդդիմադիր գործիչների կողմից՝  այն ժամանակ նախագահի ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց հուղարկավորության ներկայացում էր կազմակերպվում օրեր շարունակ։