Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Մշակույթ

Այն ցավը, որ հիմա արթնացավ, փոխեց մեր երաժիշտներին. Նարեկ Հախնազարյան (տեսանյութ)

«Տարբեր երկրներում ինձ միշտ հարցրել են, ինչով բացատրել, որ հայերը այդչափ տաղանդավոր ազգ են, և այդպես խորն են զգում երաժշտությունը: Պատասխանել եմ, որ մենք ծանր պատմություն ենք ունեցել և մեր ազգի պատմությունը մեր գենում է նստած: 

Իսկ այսօր, խորը ցավը, որ մի փոքր կարծես հանդարտվել էր, հիմա արթնացավ նոր ուժով և իհարկե այն չի կարող չարտահայտվել արվեստագետների, երաժիշտների վրա: Այս բոլոր իրադարձություններից հետո, մեր ազգային ֆիլհարմոնիկը նոր որակի՝ ավելի զգայուն և խորը նվագախումբ է դարձել, որի համար շատ հպարտ եմ»,- ասում է թավջութակահար Նարեկ Հախնազարյանը:

Վաղը՝ մարտի հինգին, Արամ Խաչատրյան համերգասրահում Նարեկ Հախնազարյանը Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կներկայացնի  Շոստակովիչի թիվ 1 թավջութակի կոնցերտը: Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Թավջութակի կոնցերտի կատարումը նվիրվում է օրերս կյանքից հեռացած ՀԽՍՀ արտիստ,  թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանին: Համերգի երկրորդ բաժնում կհնչի Բեթհովենի թիվ 6 սիմֆոնիան: 

Այսօր «Ա1+»-ը ներկա է գտնվել գլխավոր փորձին և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կազմակերպված Նարեկ Հախնազարյանի հետ հանդիպմանը: 

Ինչու որոշվեց Շոստակովիչի կոնցերտը կատարել հարցին, Նարեկ Հախնազարյանը պատասխանեց՝ «Ես եմ առաջարկել: Նախ, որ այս կոնցերտը մեր նվագախմբի հետ դեռ չէի կատարել, և որ կարևորն է, իմ կարծիքով, մեր այս իրավիճակում շատ սիմվոլիկ ստեղծագործություն է՝ խորը և դրամատիկ: Այնպես, որ Հայաստանում Շոստակովիչի այս գործը կատարելու ժամանակն է»: