ԱՀ ԱԳՆ-ն իրավունքի կոպիտ խախտում է համարում ռազմագերու կարգավիճակ տրամադրելուց Բաքվի հրաժարումը
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը հայտարարությամբ միջազգային մարդասիրական իրավունքով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտում է համարել Ադրբեջանի հրաժարումը՝ ռազմագերու կարգավիճակ տրամադրել իր կողմից գերեվարված հայ զինծառայողներին և իրականացնել նրանց հայրենադարձությունը, ինչպես նաև ազատ արձակել քաղաքացիական անձանց, ինչի մասին հայտարարվել է փետրվարի 26-ին օտարերկրյա լրագրողների հետ Ադրբեջանի նախագահի հարցազրույցում և Ադրբեջանի ԱԳՆ փետրվարի 27-ի հայտարարությունում:
Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Պաշտոնական Բաքվի մոգոնած դիրքորոշումն առ այն, որ իր կողմից պահվող հայ զինծառայողները ռազմագերիներ չեն, քանի որ գերեվարվել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Ադրբեջանին չի ազատում Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիայով ստանձնված պարտավորություններից: Որպես Ժնևի կոնվենցիաների կողմ՝ Ադրբեջանը չի կարող կամայականորեն փոխել տվյալ անձանց կարգավիճակը՝ խուսափելու միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված միջազգային պարտավորություններից։ Միջազգային մարդասիրական իրավունքը (jus in bello) պահպանելու և դրա պահպանումն ապահովելու Ադրբեջանի պարտավորության վրա չեն ազդում ուժ կիրառելու կանոններին (jus ad bellum) վերաբերող փաստարկները, որոնք կարգավորվում են այլ միջազգային պայմանագրերով, մասնավորապես՝ ՄԱԿ Կանոնադրությամբ: Պետությունների՝ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները պահպանելու պարտավորությունը բացարձակ է և որևէ կերպ կախված չէ ուժի կիրառման օրինականության մեկնաբանումից:
Իր փաստարկներում առ այն, որ գերեվարված զինծառայողները ռազմագերիներ չեն, Ադրբեջանը բացահայտ կերպով խեղաթյուրում է փաստերը և ցուցաբերում աղաղակող անպատժելիություն։ Ադրբեջանի կողմից 2020 թ. դեկտեմբերին գերեվարված 64 հայ զինծառայողները տեղակայված են եղել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում, որոնք եռակողմ հայտարարության ստորագրման պահին գտնվում էին Արցախի ՊԲ վերահսկողության տակ: Նրանք իրենց դիրքերում էին՝ համաձայն Եռակողմ հայտարարության առաջին կետի պահանջի։ Այդ 64 զինծառայողների գերեվարումն Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության՝ ռազմական գործողությունների լիակատար դադարեցնելու հստակ պահանջի խախտման ուղղակի հետևանքն է»,- ասվում է հայտարարության մեջ։
Արցախի ԱԳՆ-ի գնահատմամբ՝ միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված պարտավորություններից խուսափելու նպատակով ռազմագերիների կարգավիճակը փոխելու Ադրբեջանի փորձը բառային լարախաղացություն է, որը ակնհայտ է դառնում հենց այն փաստով, որ 2020 թ․ դեկտեմբերին գերեվարված զինծառայողներից բացի, Ադրբեջանն առ այսօր հրաժարվում է նաև հայրենիք վերադարձնել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում գերեվարված ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: «Ադրբեջանի դիրքորոշումը բացարձակապես անհիմն է ինչպես իրավական, այնպես էլ փաստագրական առումներով»,- շեշտում է ԱՀ ԱԳՆ-ն՝ նկատելով, որ Ադրբեջանի բացահայտ խուսափումը հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց վերաբերող միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված իր պարտավորություններից ոչ միայն հակասում է Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիայի և Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիայի պահանջներին, այլ նաև գերիների կարգավիճակը հավասարեցնում է պատանդների կարգավիճակին: Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունն ակնհայտ է համարում, որ Ադրբեջանը վերոհիշյալ անձանց պահում է՝ օգտագործելու նրանց որպես լծակ՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ իր ռազմավարական նպատակների իրագործման համար։