Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Սևակի կատարումը Շուշիում կարևոր էր ոչ միայն հայերի համար. Միշա Մայսկի (տեսանյութ)

Վիրտուոզ թավջութակահար Միշա Մայսկին, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ վաղը՝ փետրվարի 28-ին, հանդես կգա «Արամ Խաչատրյան» համերգասրահում: 

(Ծրագրում` Չայկովսկի՝ Նոկտյուրն, Բրուխ՝ Kol Nidrei թավջութակի և նվագախմբի համար, Սեն-Սանս՝ Թավջութակի կոնցերտ թիվ 1, Բեթհովեն՝ Սիմֆոնիա թիվ 7):

«Նա ամենահանճարեղ տաղանդներից է։ Նրա կատարման մեջ պոեզիան ու բացառիկ նրբագեղությունը միաձուլվում են հզոր տեմպերամենտի և փայլուն տեխնիկայի հետ»,- այսպես է բնութագրել Մայսկուն Մստիսլավ Ռոստրոպովիչը, ում մոտ, ի դեպ, ուսանել է թավջութակահարը։  

«Ա1+»-ը զրուցել է Միշա Մայսկու հետ գլխավոր փորձից հետո։ 

«Ես աշխարհի քաղաքացի եմ: Ես ինձ լավ եմ զգում այնտեղ, որտեղ գնահատում են դասական երաժշտությունը: Իմ խոսքը երաժշտությունն է: Ինձ համար կարևորը հանդիսատեսն է, որն ինձ ոգեշնչում է: Այո, դուք իրոք կարող եք հպարտանալ որ ունեք նման հիասքանչ նվագախումբ և հիանալի դիրիժոր»,-ասաց աշխարհահռչակ թավջութակահարը: 

Նա երբեք չի մոռանում իր մանկավարժների՝ Մստիսլավ Ռոստրոպովիչի և Գրիգորի Պյատիգորսկու վերաբերմունքն իր հանդեպ, երբ դեռ երիտասարդ, սկսնակ երաժիշտ էր. «Նրանք ինձ համար երկրորդ հայրն են եղել և օգնել են շատ հարցերում»:

Եվ հիմա էլ ինքն է ոգեշնչում և օգնում երիտասարդ կատարողներին:

Հարցին, թե ինչ զգացողություն ունեցավ, երբ տեսավ տեսանյութը, որում Սևակ Ավանեսյանը Շուշիի ռմբակոծված եկեղեցում նրա տված գործիքով Կոմիտաս էր նվագում, Մայսկին պատասխանեց. «Սևակի կատարումը կարևոր էր եւ ոչ միայն հայերի համար»:

Մանրամասները՝ տեսանյութում