Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess erevan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանին չեմ պատասխանի, բայց պատրաստ եմ հանդիպել Տարոն Մարգարյանի հետ․ Մխիթար Հայրապետյան

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լևոն Արոնյանի հայտարարությանը, որում նա հայտնել է, որ հեռանում է Հայաստանից։     

«Ցավալի հայտարարություն է ինձ համար։ Այնտեղ նաև անձնական հայտարարություններ են հնչել, որը ենթադրում եմ, որ նաև հասցեագրված են եղել ինձ։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ մեծ ավանդ ունի Լևոն Արոնյանը շախմատում, չմոռանանք, որ Հայաստանը նրա գլխավորությամբ մի քանի անգամ ոսկի է ձեռք բերել օլիմպիադաներում, կարծում եմ, այնուամենայնիվ, անգամ սխալ կամ սուտ տեղեկատվություն տրամադրելուն հանրությանը, դրա իրավունքը Լևոն Արոնյանը ունի։ Հաշվի առնելով իր վաստակը, ինքս չեմ պատրաստվում որևէ ձևաչափով արձագանքել նրան։ Ինչ վերաբերում է ճշմարտությանը, ապա կարծում եմ որ ոչ ի պատասխան մեր լեգենդար գրոսմայստերի հայտարարությանը, այլ պարզապես հանրությանը հասցնելու համար, առաջիկայում կանցկացնենք մամուլի ասուլիս, լրագրողների հարցերին պատասխանելու համար։ 

Բայց մի փոքր անդրադառնամ այն հարցին, որ 2018 թվականից հետո իբր շախմատն անտեսվել է  Հայաստանում, փակվել են շախմատի դպրոցներ։ Նախ, Երևանի շախմատի ֆեդերացիան քաղաքապետարանի հետ միասին առաջիկայում պատրաստվում է բացել շախմատի վարպետության բարձրագույն դպրոց։ Հուսով եմ, որ Երևանի ավագանին դրական որոշում կկայացնի այդ հարցում։ Բացի այդ, 2019 թվականից շախմատը հավասարեցվել է օլիմպիական մարզաձևերին՝ պարգևավճարների ու լրավճարների իմաստով։ Մեր թերացում եղել է այն, որ չենք ներկայացրել կատարված աշխատանքները։

Ես Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում փոխարինել եմ Տարոն Մարգարյանին։ Պատրաստ եմ այստեղ (Ազգային ժողով – հեղ․) նրա հետ քննարկել քաղաքական ցանկացած հարց, վերջում էլ մեկ պարտիա խաղալ նրա հետ, չնայած շախմատից լավ չեմ հասկանում», - ասել է Մխիթար Հայրապետյանը։