Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Անձնական կապերը և պետական լծակներն օգտագործելով՝ 3 օրում կկարողանամ լուծել գերիների հարցը․ Վանեցյան (տեսանյութ)

«Ես անձնական կապերի եւ պետական լծակների միջոցով հնարավորություն ունեմ  երեք օրում գերիներին վերադարձնելու, եթե ունենամ այս երկրում որևէ կարգավիճակ, չեմ ասում՝ իշխանություն, բայ ինչ-որ կերպ ներգրավված լինեմ երկրի կառավարմանը», - Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարությունը, Արթուր Վանեցյանի խոսքով, քաղաքական հայտարարություն չէ, չնայած որ կոնտեքստում կա քաղաքական բովանդակություն․

«Ռազմական հեղաշրջման փորձը կլիներ այն, որ այստեղ լինեին ոչ թե քաղաքացիական հագուստով մեր քաղաքացիները, այլ ռազմական ղեկավարությունն իշխանությունն ամբողջությամբ վերցներ ի ձեռքը, զորքը դուրս գար փողոցներ և Կառավարության շենքում նստեր ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ գեներալ, գնդապետ Օնիկ Գասպարյանը», - ասաց նա։

Նա նշեց, որ երկրում ռազմական հեղաշրջումը անթույլատրելի է, բայց պետք է ականջալուր լինել Զինված ուժերի արած հայտարարություններին և հասկանալ, որ վտանգված է Հայաստանի ապագան։

Վանեցյանի խոսքով, այս իշխանությունները կռվել են բոլորի հետ՝ Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի․

«Մենակ չեն կռվել ոնց որ թե Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որովհետև երեկվանից այս իշխանություններին բացառապես պաշտպանում են նրանք», - ասաց նա։

17+-ի հետագա գործողությունների պլանը, Արթուր Վանեցյանն ասաց, որ կախված է ժողովրդից և եթե այսօրվա ընթացքում՝ մինչև երեկոյան18-ը, Բաղրամյան պողոտայում հավաքվի այնքան մարդ, որ լինի կրիտիկական զանգված, նրանք կորոշեն ամեն ինչ։

Անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման» երթերի և հավաքների ընթացքում լրագրողների հանդեպ բռնությանը, նա ասա, որ ԶԼՄ աշխատակիցները անձեռնմխելի են և ինքը խիստ դատապարտում է նման գործելաոճը․

«Բայց նաև եկեք չմոռանանք, որ ԱԺ պատգամավորը խլում է միկրոֆոնը լրագրողի ձեռքից և գնում, մտնում է իր սենյակ, պատկերացնո՞ւմ եք՝ ես ձեր միկրոֆոնը խլեմ, գնամ։ Այդ մթնոլորտը՝ յուրային լրագրողներ և ոչ յուրայիններ, բերել են իշխանությունները», - ասաց նա։

Արթուր Վանեցյանը նաև անդրադարձավ Աժ  նախագահ Արարատ Միրզոյանի՝ թուրքական գործակալ լինելու հարցին, ասաց, որ  ինքը նման տեղեկություններ չունի և եթե ունենար, Արարատ Միրզոյանը ոչ թե նստած կլիներ ԱԺ շենքում, այլ Նալբանդյան 106-ի՝ ԱԱԾ նկուղում։