Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ազգային ժողովը չունի նախագահ․ Էդմոն Մարուքյան․ ԱԺ խորհրդի նիստը չկայացավ (տեսանյութ)

Քիչ առաջ ԱԺ խորհուրդը պետք է քննարկեր մի խումբ պատգամավորների դիմումը՝ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ։ Խորհրդի նիստը, սակայն, չկայացավ, որովհետև ԱԺ նախագահը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները նիստին չներկայացան։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը  լրագրողների հետ զրույցում հայտարարեց ,որ ԱԺ նախագահի՝ նիստին չներկայանալը համարում է անհարգալից վերբերմունք ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հանդեպ․

«ԱԺ նախագահը պետք է ապահովեր ԱԺ բնականոն աշխատանքը, չի արել։ ԱԺ նախագահը երկրի թիվ երկու պաշտոնյան է, նա, ըստ էության, քաղաքական իմաստով գոյություն չունի, քաղաքացիական համերաշխությունը վերականգնելու իմաստով։ Բոլոր պատգամավորներս, այդ թվում՝ նա, երդում ենք տվել քաղաքացիական ծառայության։ Բայց նա ոչինչ չի անում, որ ինչ-որ լարում մեղմվի և երևի չի կարողանում անել», - ասաց Մարուքյանը։

Մարուքյանի խոսքով՝  իշխանությունն անընդհատ դիմում է ընդդիմությանը՝ եկեք քննարկենք, եկեք բանակցությունների սեղանի շուրջ, բայց անգամ այս նիստը չի կայանում։ Սա, ըստ Մարուքյանի, երեսպաշտություն է․

«ՀՀ ԱԺ-ն չունի նախագահ։ Երկրում լարված վիճակ է, պարտադիր պետք է քաղաքական քննարկում, բայց ո՞ւմ հետ քննարկենք, եթե մի կողմը չկա», - ասաց Մարուքյանը։

Մարուքյանը պնդեց՝ նման նախադեպ չի հիշում։

Մարուքյանն ասաց, որ ԼՀԿ-ի համար խնդիր չկա, եթե Փաշինյանը կազմակերպի արտահերթ ընտրությունները։ Նա նաև տեղեկացրեց, որ հանդիպելու է նախագահ Արմեն Սարգսյանին՝ քննարկելու երկրի վիճակը։