Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաշինյանի միակ հենարանը մնացել է թուրք-ադրբեջանական տանդեմը․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

Ընդդիմությունը շարունակում է փակ պահել Բաղրամյան պողոտան՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Տեղադրված են վրաններ, հատուկ վառարաններ, իսկ քաղաքացիները գիշերը անցկացրել են հենց այդ վրաններում։ Ոստիկանությունը ևս հսկողություն է իրականացնում տարածքում։

ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանը երեկ ԳՇ հայտարարությունից հետո կեղծեց իրավիճակը և հայտարարեց, թե ռազմական հեղաշրջման փորձ է․

«Սրանից օգտվեցին, թե՛ թուրքերը, թե՛ ադրբեջանցիները, ինչը փորձ էր հեղինակազրկել Հայաստանը։ Փաշինյանի միակ հենարանը մնացել է թուրք-ադրբեջանական տանդեմը»,-նշեց Մինասյանը՝ հավելելով, որ պատահական չէ, որ Թուրքիայի կողմից հնչում են Նիկոլ Փաշինյանին սատարող հայտարարություններ։

Նա  նաև պնդում է՝ երեկ Նիկոլ Փաշինյանը սադրելով փորձում էր ժողովրդին տանել բախման, ինչը բացառվեց Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիների և քաղաքական գործիչների շնորհիվ, ովքեր չտրվեցին սադրանքներին։

Մինասյանի խոսքով՝ բանակը երեկ կանգնեց ժողովրդի պահանջի կողքին և արձանագրեց, որ Կառավարության գործող ղեկավարը և կառավարությունը ադեկվատ չեն, սա նշանակում է՝ Զինված ուժերի պրոֆեսիոնալ գնահատական, մինչդեռ փորձում են ներկայացնել, թե ԶՈՒ-ն քաղաքական ուժերի հետ գաղտնի պայմանավորվածություն է ունեցել, չկա այդպիսի բան.

«Բանակը նաև արձանագրեց, որ որևէ ձևով իշխանությունը չի կարող ուժ գործադրել ժողովրդի պահանջին, և եթե որևէ նման բան եղավ, նշանակում է բանակը իր ողջ կազմով փաստացի պետք է արձագանքի այդ երևույթին»։

Մինասյանը նաև պնդեց՝ իրենց ձերբակալելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը չի կարող իրենց կաշկանդել կամ հետ պահել իրենց գործողություններից։

Հիշեցնենք՝ Հայրենիքի փրկության շարժման երեկվա հանահավաքից հետո որոշում ընդունվեց վրաններ տեղադրել ու մնալ Ազգային ժոզովի դիմաց՝ Բաղրամյան պողոտայում, մինչև հասնեն իրենց հիմնական նպատակին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին: