Առայժմ մեկ հոգու հարցում չենք կողմնորոշվել․ մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ավարտվեց Երևանում անցկացվող սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունը։ Որոշվեցին տարբեր գործիքների վրա մրցումների հաղթողները։
Կանանցից բոլորից լավ հանդես եկավ Աննա Գրիգորյանը, որը նվաճեց երեք ոսկե մեդալ՝ զուգափայտի, հավասարակշռության գերանի վրա և հենացատկում։ Ազատ վարժությունում չեմպիոնի կոչումը նվաճեց Ինեսա Ջաղինյանը։
Տղամարդկանց պայքարում երեք ոսկե մեդալ նվաճեց մեր հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը, որը լավագույնն էր ազատ վարժությունում, հենացատկում, զուգափայտի վրա։
Նժույգթափերում հաղթել է Հարություն Մերդինյանը, օղակների վրա՝ Արթուր Ավետիսյանը, պտտաձողի վրա՝ Գագիկ Խաչիկյանը։
Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մրցումներից հետո այսպես գնահատեց առաջնության արդյունքները։
«Տղաները լավ հանդես եկան, եթե հաշվի առնենք այն, որ կորոնավիրուսի պատճառով նրանք նորմալ չէին պարապում, իսկ պատերազմի ժամանակ երկու ամիս ընդհանրապես չէին մարզվել։ Հայաստանի առաջնությունը շատ կարևոր էր, որովհետև պետք է որոշեինք հավաքականի կորիզը։ Առայժմ մեկ հոգու հարցում չենք կողմնորոշվել։ Դա Արթուր Թովմասյանն է, որը վիրահատությունից հետո դեռ լավ մարզավիճակում չէ։ Եվրոպայի առաջնությանը պետք է մասնակցեն այն մարզիկները, որոնք ի վիճակի են պայքարելու մեդալների համար։
Ուրախալին այն է, որ մեր երիտասարդ և պատանի մարզիկները, որոնց թույլ տվեցինք մասնակցել առաջնությանը, լավ հանդես եկան, նույնիսկ մեդալներ նվաճեցին։ Օրինակ, Խաչիկյան Գագիկը, որն երիտասարդական հավաքականից առաջին անգամ է տեղափոխվել մեծահասակների հավաքական, լավ մեկնարկեց նժույգթափերում, բայց եզրափակիչում՝ վրիպեց։ Եթե նա Եվրոպայում լավ կատարի այդ վարժությունը, ապա կպայքարի մեդալների համար։ Կարևորն այն է, որ այսօր ունենք 6-7 բարձրակարգ մարմնամարզիկներ, որոնք լավ պայքարող են և կարող են հավակնել մեդալների», - եզրակացրեց փորձառու մասնագետը։
Գլխավոր մարզիչը հայտնեց, որ հավաքականը մարտ ամսին երկշաբաթյա ուսհավաք կանցկացնի Թբիլիսիում, որից հետո կմասնակցի Եվրոպայի առաջնությանը։