Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Պաշտոնական

Հավաքվում ենք Հանրապետության Հրապարակում․ վարչապետն ուղիղ եթերում է (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում դիմել է ժողովրդին: Ստորև ներկայացվում է վարչապետի խոսքն ամբողջությամբ:   

 

«Սիրելի հայրենակիցներ, 

 

Համոզված եմ, որ արդեն տեղյակ եք որոշ իրադարձություններից և իմ ֆեյսբուքյան գրառումից, որի հիմնական իմաստն այն է, որ ես ձեզ, բոլորիդ, հեղափոխության բոլոր կողմնակիցներին, ժողովրդի իշխանության բոլոր կողմնակիցներին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ հենց հիմա, ուզում եմ ձեզ հետ խոսել, խոսել անմիջապես: 

 

Գիտեք, որ բավական բարդ իրավիճակի մեջ ենք գտնվում, և ես երեկ  ու այսօր որոշումներ եմ կայացրել պաշտոնից ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալին և Գլխավոր շտաբի պետին: Այսինքն՝ ես փաստաթղթերն արդեն ստորագրել եմ, որից հետո հետևել է Գլխավոր շտաբի հայտարարությունը, որով զինվորականները պահանջում են իմ հրաժարականը:

 

Ի՞նչն է նրանց կողմից նման քայլի պատճառը: Սա շատ կարևոր է արձանագրել, և ես այդ արձանագրումն եմ ուզում անել Հանրապետության հրապարակում: Բայց ամեն դեպքում ամենակարևոր խնդիրը, որ այսօր ունենք՝ ժողովրդի և քաղաքացիական իշխանությունը պահպանելն է, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, ես որակում եմ որպես ռազմական հեղաշրջման փորձ: 

 

Գիտեք, որ տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը վերցրել եմ ինձ վրա և փորձել ամեն ինչ անել, որ բոլոր հարցերին ինքս պատասխանեմ: Բայց եկել ենք մի փուլի, որտեղ, ցավոք, մեր որոշ բարձրաստիճան զինվորականներին հարցեր տալուց չենք կարող խուսափել, որովհետև եթե ուզում ենք, որ պատերազմի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը հայտնի դառնա, մենք մեր մի քանի բարձրաստիճան զինվորականների չենք կարող հարցեր չտալ: Բայց մեր հարգելի և սիրելի մի քանի գեներալների դուր չի գալիս, որ մենք՝ հանրությունը, քաղաքացիական իշխանությունը, կառավարությունը, կարող են իրենց հարցեր ունենալ մի քանի դրվագների վերաբերյալ: Դա անխուսափելի է:

 

Դա չի նշանակում, որ այդ հարցերի պատասխանի արդյունքում պիտի անպայման ինչ-որ բաներ տեղի ունենան: Սակայն մենք պիտի իմանանք մի շարք հարցերի պատասխաններ, կոնկրետ մարտական, ռազմական դրվագների հետ կապված պատասխաններ: Պիտի հասկանանք, թե ինչ կապեր են գոյություն ունեցել որոշ բարձրաստիճան սպաների և քաղաքական շրջանակների միջև: Ո՞վքեր էին, որ պատերազմի ընթացքում կապվում էին բանակի հետ և փոխանակ ասելու, որ ձեր մարտերը տարեք, նրանք անընդհատ հորդորում էին, որ պետք է իշխանության խնդիրը լուծել: Եվ էլ չեմ ասում նոյեմբերի 9-ին, ըստ էության, կրկին հեղաշրջման փորձը, երբ պարզվեց, որ կան շրջանակներ, որոնք ուզում են հարձակվել կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների վրա, հաշվեհարդար տեսնել, որպեսզի նաև պատերազմի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունն ի հայտ չգա: 

Այս հարցերի շուրջ եմ ես հրավիրում ձեզ Հանրապետության հրապարակ, միաժամանակ, նախ ուզում եմ կոչ անել՝ պահպանել հանդարտություն, այսինքն՝ ոչ մի կտրուկ գործողություն չանել, ուղղակի որպես քաղաքացիական խաղաղ, ժողովրդական հավաքի մասնակից գալ Հանրապետության հրապարակ: 

 

Նաև ուզում եմ կոչ անել մեր բոլոր զինվորներին, զինվորականներին՝ շարունակել իրականացնել հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության իրենց գործառույթները և որևէ դեպքում զգոնությունը չկորցնեն: Ամեն ինչ վերահսկողության տակ է, ամեն ինչ մեր զինվորների վերահսկողության տակ է, և այդտեղ, իհարկե, պետք չէ թույլ տալ ծառայողական գործընթացներին հակասող որևէ գործողություն: 

 

Շատ կարևոր է նաև արձանագրել՝ անթույլատրելի է, որ Զինված ուժերը, բանակը զբաղվեն քաղաքականությամբ և հանդես գան քաղաքական գնահատականներով: Հասկանում եմ, որ այստեղ, բնականաբար, խոսքը մեր ոչ բոլոր զինվորականների մասին է: Նրանց մեծ մասը պարզապես իրենց վերադասի հրամանն են կատարել: Բայց ուզում եմ ընդգծել, որ նրանց վերադաս է նաև վարչապետը, Պաշտպանության նախարարը և զինվորականները պարտավոր են ենթարկվել այն օրինական հրամաններին ու հրահանգներին, որոնք տրվում են վերադասի կողմից: 

 

Այս պահին կարող եմ ասել, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալն արդեն նաև դե յուրե ազատված է աշխատանքից, և նա՝ որպես այդպիսին, հանդես գալու իրավունք չունի: Իսկ Գլխավոր շտաբի պետին ազատելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ես ստորագրել եմ,  և այդ պրոցեսին ընթացք է տրված:

 

Բոլորին ուզում եմ շնորհակալություն հայտնել իրենց կատարած ծառայությունների համար և հույս ու համոզմունք հայտնել, որ մենք այս իրավիճակը կհաղթահարենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևով: Այսինքն՝ առաջիկայում Գլխավոր շտաբի նոր պետ և Գլխավոր շտաբի պետի տեղակալներ կնշանակենք: Այժմ Պաշտպանության նախարարին հրահանգված է կատարել իր բոլոր գործառույթները, իրականացնել իր ծառայողական պարտականությունները և ապահովել Զինված ուժերի բնականոն գործունեությունը: 

 

Իսկ այս պահին ընդամենը ուզում եմ ասել հետևյալը. 

 

Սիրելի հայրենակիցներ՝  հիմա, ուղղակի հիմա բոլորիդ հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ մեր անելիքների մասին խոսելու, ձեր առաջ ելույթ ունենալու, և մի շարք հրատապ ու հետաքրքրող հարցերի անդրադառնալու: 

 

Շնորհակալ եմ: Բոլորիդ կոչ եմ անում գալ Հանրապետության հրապարակ»: