Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Վերջին երկրաշարժից հետո Երեւանում 12 ընտանիք տանը մնալ չի կարող (տեսանյութ)

Փետրվարի 13-ի երկրաշարժից հետո Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10-րդ շենքի բնակիչները տուն վերադառնալ չեն կարողանում․ շենքում ապրելը խիստ վտանգավոր է։  Մինչ երկրաշարժը շենքը ճանաչված էր 4-րդ կարգի վթարային։  Բնակիչների մի մասն էլ վերաբնակեցվել էին։

Վերջին ուժեղ ցնցումներից հետո, բնակիչների խոսքով, փորձագետը շենքը զննելուց հետո ասել է՝ ավելի լավ է խարույկ վառեք, նստեք դրսում՝ ծառի տակ, քան վերադառնաք շինություն:

 «Էդ օրը մենք տանն էինք բոլորս, ես էի, երկու աղջիկս ու մեծ տղաս էր։ Ահռելի պայթյունի ձայն լսեցինք, բնականաբար էպիկենտրոնին մոտ է մեր շենքը։ Տղաս ասաց՝ մամ ու նայեց երեսիս, ասացի՝ բալես, երկրաշարժ ա։ Վազեցինք՝ ոտաբոբիկ, տկլոր, ոնց կայինք, վերցրինք, վազեցինք փողոց, դրանից հետո, որ ուշքի եկանք, ուզեցինք մտնենք ներս, հասկացանք, որ բազում ճաքեր կան, տան մեջ հենց պանելը կախվել է դռան վերեւում, անհնար է մտնել։ Կանչեցինք ԱԻՆ, հետո փորձագետները եկան, անգամ Շաքարյանն ասաց, որ սա ապրելու ենթակա չի, որովհետեւ վթարային շենք էլ է եղել, ասաց՝ քնեք ծառի տակ, բայց ներս մի գնացեք»,-ասում է բնակիչներից Անահիտ Թութայանջյանը։

Երկրաշարժից մի քանի օր անց Երեւանի քաղաքապետարանից նամակ են ստացել, որում ներկայացված է նույն Շաքարյանի ստորագրությամբ ԱԻՆ եզրակացությունը։ Բայց այս անգամ ասվում է՝ շինության կրող կոնստրուկցիաներում էական վթարավտանգ ճաքեր չեն առաջացել և այն բնակության ենթակա է։  Բնակիչները պնդում են՝ հիմնային պատերը վնասված են․

Փետրվարի 22-ին կրկին դիմել են քաղաքապետարան, փոխքաղաքապետն է ընդունել, ըստ բնակիչների՝ ասել է՝ մոտ ժամանակների համար տեսլական չունեն։ Մարտի վերջին միայն կարող են հասկանալ, թե երբ և ինչպես պիտի տեղավորեն ընտանիքներին։

Շենքում երկրաշարժի պահին 12 ընտանիք էր ապրում։  Նրանց վերաբնակեցման հարցն այդպես էլ չի լուծվում։

Քաղաքապետարանից ասացին նաև՝ քննարկումներն այժմ ընթացքի մեջ են, փորձում են հնարավորինս սեղմ ժամկետներում լուծումներ գտնել և պարբերաբար հանդիպում են նաև բնակիչների հետ։  

 

Մանրամասները՝  տեսանյութում