Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«ՀՀ-ի նկատմամբ կայացված դատավճիռ է»․ Վարուժան Ավետիսյան (տեսանյութ)

2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման գործով վճիռն այսօր հրապարակվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ։

Վճռի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում «Սասա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը նշեց․

«Սա ՀՀ-ի նկատմամբ կայացված դատավճիռ է, հասկանալի է, որ ժողովրդի ընդվզումից վախենալու պատճառով Սմբատ Բարսեղյանին ցմահ պատժաչափ չտրվեց։ Իսկ Արմեն Բիլյանի մասով այնքան խեղկատակ ու անհեթեթ էր մեղադրանքը, որ անգամ գաղութային ռեժիմի դատարանը հնարավոր չհամարեց Արմենի նկատմամբ այդ մասով պատիժ կիրառել։ Հերթական անգամ ապացուցվում է, որ մեր երկիրը բռնազավթված է, և գաղութային ադմինիստրացիային հեռացնելը և ազգային կառավարություն ձևավորելը թիվ մեկ խնդիրն է հայության, որովհետև մենք արդեն գոյութենական աղետալի վիճակի մեջ ենք։ Մեր ազգը պետք է ապացուցի իր ապրելու իրավունքը»։ 

Ըստ նրա՝ «Արցախը հանձնելուց հետո այս խամաճիկային ու ազգադավ կառավարությունը կարծես հայությանը վերացնելու նպատակ է հետապնդում, իսկ մեր ազգը պետք է սրան համապատասխան արձագանք տա»։

Սպանության մասով արդարացվելու և դատարանից ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ կարճ զրույց ունեցավ նաև Արմեն Բիլյանը։ Վերջինս, անդրադառնալով հարցին, որ տարիներ շարունակ չէր ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ընդգծեց՝ չէր կարող կերղծիքն ընդունել, որովհետև ապստամբել է հենց կեղծիքը մաքրելու համար․

«Դեռևս բոլորս անելիքներ ունենք, որպեսզի վերջնական արդարությունը հաստատվի Հայաստանի Հանրապետությունում»։

Բիլյանը նշեց, որ վճիռն անպայման բողոքարկելու է և շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր պայքարել են իր ազատության և արդարության համար։

Բիլյանը շեշտեց՝ կորցրել ենք ոչ տարածք, ոչ հող, այլ հայրենիք, ընդգծեց, որ անպայման մտնելու է քաղաքականություն, որովհետև անելիք ունի պետության և ժողովրդի համար։

Սպանված ոստիկանների կանայք լրագրողների հետ զրույցում նշեցին, որ դաժան է, որ մեղադրյալները ազատ արձակվեցին և ազատության մեջ կման, մինչև բողոքարկումները։

Ինչ վերաբերում է Բիլյանի արդարացմանը, ոստիկանի կինը նշեց՝ «Աստված իր հետ, եթե արդար է», բայց ինքը ցանկանում է, որ հենց մեղավորին գտնեն։