Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Տանկիստ չի եղել, բայց տանկն ապահով տեղ է հասցրել. Կապիտանը պիտի տոներ 30-ամյակը

Կապիտան Գեղամ Մեսրոպյանը այսօր՝ փետրվարի 23-ին, 30 ամյակը նշել չհասցրեց: Արցախից այդպես էլ չվերադարձավ, որտեղ Հայաստանից տեղափոխվել եւ ապրում էր արդեն 9 տարի:

Գեղամի բնավորության առաջին և ուժեղ գիծը հայրենասիրությունն էր, պատմում է կինը` Հռիփսիմեն:

Իր կամքով, անսահման մեծ սիրով ընդունվել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, ավարտելուց հետո էլ մեկնել էր Մարտունի ու 2012 թվականից  ընտանիքի հետ ապրում էր այնտեղ:

Միշտ լավատես կապիտանին կինն առանց դեմքի մշտապես լայն ժպիտի պատկերացնել չի կարողանում: «Այնպիսի մարդ էր, որ ինչ էլ ասեիր` «չէ» չէր ասում, չէր մերժում, ամեն ինչ անում էր: Միշտ ասում էր` ամեն ինչ լավ ա լինելու, իր սիրելի խոսքն էր: Ասում էր` ապագայի մասին մի մտածիր, մարդ պիտի ներկայով ապրի», - պատմում է Հռիփսիմեն:

Սեպտեմբերի 27-ին` պատերազմի սկսվելու օրը, դիրքերում է եղել, հոկտեմբերի 5-ին, երբ իրենց զորամասից Ջաբրայիլ խումբ պետք է մեկներ, իր կամքով է գնացել:

«Շատերը չեն գնացել, բայց ինքն ինքնակամ գնացել է: Մենք տեղյակ էլ չէինք, որ հոկտեմբերի 6-9-ը Ջաբրայիլում է եղել: Հոկտեմբերի 10-ի առավոտյան համացանցում եմ նկարը պատահական տեսել ու դրանից հետո անընդհատ փորձել եմ, չեմ կարողացել կապվել իր հետ: Երեկոյան տարբեր համարներ ենք գտնում, զանգում ու նոր միայն ճշտում, որ զոհվել է», - ասում է կինը:

Վիրավորներին ճանապարհելու են գնացել, վերադարձել են ու արկ է ընկել դիրքի վրա, չորս մարտական ընկերներով են եղել, չորսն էլ միանգամից զոհվել են:

Վերջին անգամ կնոջ ու երեխաների` 4.5 և 2 տարեկան որդիների հետ խոսել է հոկտեմբերի 9-ին: Ասել է` էլի կզանգեմ ու այդպես էլ չի զանգել:

«Երբ զանգում էր, տպավորություն էր` մենք էինք պատերազմի դաշտում, ինքն էր անընդհատ հարցուփորձ անում», - պատմում է Հռիփսիմեն:

Երեխաները փոքր են, հայրիկի  զոհվելու մասին դեռ չգիտեն, ասում է Հռիփսիմեն:Նրա  մասին  միայն ներկայով են խոսում, մտածում են` Արցախում աշխատանքի է:

Գեղամի մարտական ընկերներն էլ ամեն անգամ հայրենասիրության ամենաիսկական դրսևորումների մասին են պատմում, ասում են` Մարտինում թշնամու անօդաչու թռչող սարք է խոցել:

Տանկիստ չի եղել, բայց Ջաբրայիլում, երբ թշնամու տանկ են գրավել, ինքն է քշել ու ապահով տեղ հասցրել տանկը:

Գեղամ Մեսրոպյանը նաև արցախյան քառօրյա պատերազմի մասնակից էր, փոքր տղան էլ հենց այդ օրերին է ծնվել, երբ հայրը դիրքերում է եղել: