Բացել լրահոսը Փակել լրահոսը
153622988_4011497342246848_7164460027021071470_o
A A
Պաշտոնական

Մայր Աթոռում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

 
Փետրվարի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:
Մինչ օրակարգին անդրադառնալը ժողովականները աղոթեցին անցյալ տարի ի Տեր ննջած և արցախյան պատերազմում զոհված եկեղեցականների համար, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժողովի առիթով ամենքին բերեց հայրապետական իր օրհնությունն ու պատգամը։
 
Ժողովի ընթացքում մասնավոր քննարկման առարկա կդառնան հետպատերազմյան իրավիճակում Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, գերության մեջ հայտնվածների և անհայտ կորածների հետ առնչված խնդիրները, անդրադարձ կկատարվի առկա կացության մեջ արտագաղթի վտանգին, Արցախի սրբավայրերի պաշտպանության և պահպանության ուղղությամբ իրականացված քայլերին, հետպատերազմյան և համավարակային պայմաններում Եկեղեցու հովվական խնամքի և ծիսական կյանքի կազմակերպմանը վերաբերող հարցերին։
 
Կներկայացվի նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի 2020 թվականի գործունեության տեղեկագիրը, կլսվեն Ազգային-Եկեղեցական ժողովի կազմակերպմանը, Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության ընթացքին և այդ նպատակով կազմակերպված հանգանակությանը և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող զեկույցներ։