Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

ՀՀ շախմատի կանանց և տղամարդկանց առաջնության առաջատարները պահպանում են դիրքերը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել են Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրի պարտիաները:

Տղամարդկանց մրցաշարի առաջատար Հովհաննես Գաբուզյանը սևերով պարտության մատնեց Մամիկոն Ղարիբյանին, վաստակեց 4,5 միավոր և պահպանեց 1-ին հորիզոնականը: Նրան շարունակում է հետապնդել Արման Փաշիկյանը, որը սպիտակներով առավելության հասավ Տիգրան Հարությունյանի նկատմամբ և վաստակեց իր 4-րդ միավորը: Վերջինս, ինչպես նաև Հայաստանի գործող չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանն ու Մանուել Պետրոսյանը, 3-ական միավորով բաժանում են 3-5-րդ տեղերը:

Կանանց առաջնության միանձյա առաջատար Սուսաննա Գաբոյանը անչափ լարված պայքարում ոչ-ոքի խաղաց գործող չեմպիոն Մարիա Գևորգյանի հետ: Նա վաստակեց 4 միավոր և պահպանեց առաջտարի իր դիրքը: Երկրորդ հորիզոնական բարձրացավ Վերոնիկա Խաչատրյանը, որը վստահ հաղթեց մրցաշարի նորեկ Աստղիկ Հակոբյանին և միավորների քանակը հասցրեց 3,5-ի: Մարիա Գևորգյանը, Մարիամ Ավետիսյանը և Մարիամ Մկրտչյանը 3-ական միավորով բաժանում են 3-5-րդ տեղերը:

Վաղն առաջնություններում հանգիստ է հայտարարված, իսկ փետրվարի 22-ին կկայանան 6-րդ տուրի պարտիաները: