Բացել լրահոսը Փակել լրահոսը
jonatanlaqot
A A
Պաշտոնական

Ֆրանսիայի դեսպանը դասագրքեր է հանձնել ֆրանսերենի խորացված ուսուցմամբ հայկական դպրոցներին

Հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, Ն.Գ. պարոն Ժոնաթան Լաքոտը, ցանկացավ մասնակցել գիրք նվիրելու հայկական ավանդույթին՝ ֆրանսերենի դասագրքեր հանձնելով ֆրանսերենի խորացված ուսուցմամբ Հայաստանի բոլոր դպրոցներին ։

Այդ մասին հայտնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից։

Այդ դպրոցներից մեկում՝ Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոցում կայացած գրքերի հանձնման արարողության ընթացքում, որին ներկա էին ԿԳՄՍ նախարարի՝ կրթության հարցերով տեղակալ Ժաննա Անդրեասյանը, թիվ 125 դպրոցի փոխտնօրեն Կարինե Բասոյանը, Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիայի նախագահ Սյուզան Ղարամյանը, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ծրագրերի համակարգող Գևորգ Գևորգյանը, դեսպանը վերահաստատեց դեսպանության շարունակական աջակցությունը և մասնակցությունը այս ծրագրի իրականացման գործում։ 

 

Դեսպան Ժոնաթան Լաքոտը գոհունակություն հայտնեց, որ ներկայումս 1300 աշակերտ խորացված ծրագրով ֆրանսերեն է սովորում Հայաստանի 11 ուսումնական հաստատություններում (Երևան, Գյումրի, Իջևան, Հրազդան, Գորիս, Եղեգնաձոր, Մասիս)։ Նա նշեց, որ այս նոր դասագրքերը ֆինանսավորվել են Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանի կողմից, որը 2018թ., շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի Հայաստան կատարած այցի ընթացքում պարտավորվել էր ֆինանսավորել ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասագրքերի ձեռքբերումը այդ ծրագիրն իրականացնող դպրոցների համար՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, ՀՀ Կրթության նախարարության, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի և Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ։

 

Այս ծրագրի հաջողությամբ պայմանավորված՝ չորս միջնակարգ և երկու ավագ դպրոցներում կբացվեն ֆրանսերենի խորացված ուսուցմամբ նոր դասարաններ, ինչը հնարավորություն կտա հայ աշակերտներին օգտվել այս ծրագրից ՀՀ ողջ տարածքում։ 

 

Դեսպանը նաև հանդիպեց ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասարանների աշակերտների և դասավանդողների հետ և ողջունեց ֆրանսերեն սովորելու նրանց ընտրությունը, նշելով, որ այս լեզվին տիրապետելն անկասկած կարևոր հաղթաուղթ է նրանց ապագայի համար, անկախ նրանց հետագա մասնագիտական ուղուց։   

 

Ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2021 թվականին՝ ուսումնական հաստատություններում ֆրանսերենի խորացված դասընթացներ և ֆրանսերեն լեզվով լրացուցիչ կրթական ծրագրեր  կազմակերպելու մասին, 2011թ. ստորագրված երկկողմ համաձայնագրի շրջանակներում և ներառվել ՖՄԿ-ի հետ կնքված լեզվական պակտում։ Լեզուների ընդհանուր տեղեկանքի եվրոպական շրջանակի համաձայն մշակված խորացված ֆրանսերենի ծրագիրը նախատեսում է իրականացնել ֆրանսերեն լեզվի խորացված դասավանդում շաբաթական 3 ժամ՝ երկրորդից իններորդ դասարաններում: