Վլադիմիր Հարությունյանը՝ Ուկրաինայի ջրացատկի բրոնզե մեդալակիր
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը ներկայացնող ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը երկրորդ մեդալն է նվաճել Կիևում կայացած Ուկրաինայի բաց առաջնությունում։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը։
Վեց երկրների ներկայացուցիչների պայքարում մեր մարզիկը մրցանակային 3-րդ տեղն է զբաղեցրել 10մ աշտարակացատկում։ Հիշեցնենք, որ 10մ սինքրոն աշտարակացատկում Վլադիմիր Հարությունյան – Վարդան Բայանդուրյան հայկական զույգը արծաթե մեդալ էր նվաճել։
Հայատանի ջրացատկի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանն ասել է, որ մեկօրյա հանգստից հետո տղաները կշարունակեն մարզումները Երևանում: Ըստ մասնագետի, եթե Վլադիմիր Հարությունյանն ապրիլին նշանակված աշխարհի գավաթի խաղարկությունում կարողանա կրկնել նույն արդյունքը, որը ցույց է տվել Ուկրաինայում, ապա կմեծանա օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու հավանականությունը։ Վարկանիշային այդ մրցաշարն անցկացվելու է հենց խաղերի մայրաքաղաք Տոկիոյի օլիմպիական լողավազանում: