Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

«Մենք նաև կարիք ունենք, որ, այսպես ասած, թասիբով, ազգասեր հովանավորներ միանան մեզ»․ Վարդան Մկրտչյան (տեսանյութ)

«Լիահույս եմ, որ 2021-ը պրեմիերաների տեսանկյունից շատ առատ տարի կլինի։ Նվազագույնը մենք արդեն նախատեսել ենք 4 ներկայացում։ Բոլորը խիստ տարբեր են իրարից։ Մեկ ներկայացման համար հրավիրելու ենք բեմադրիչ նաև ԱՄՆ-ից», - ասում է Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ բեմադրություն և պրեմիերա կունենա թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը։ Մեկ այլ բեմադրության աշխատանքներ իրականացնում է Դավիթ Հակոբյանը։ Եվ մեկ պրեմիերա էլ չհասցրին խաղալ մեկ բացօթյա ներկայացումից ավելի՝ «Դեկամերոնը», որ բեմադրել է Լիլի Էլբակյանը։

«Դեկամերոնը» կսկսեն խաղալ բացօթյա՝ եղանակների տաքանալուն պես, քանի որ, ինչպես նշեց Վարդան Մկրտչյանը, այն ի սկզբանե ստեղծվել է բացօթյա միջավայրում և այդ պայմանների համար։ Բացօթյա նոր ներկայացումներն էլ շարունակական են լինելու․

«Պատերազմի մասին ներկայացումներ այս տարի չեն լինի։ Շատ դժվար է այս պահին խոսել այն պատերազմի մասին, որից մենք նոր ենք դուրս եկել։ Որպեսզի այն դառնա գեղարվեստական նյութ, այլ ոչ թե դոկումենտալ, որոշակի ժամանակ է պետք», - ասաց նա։

Երեխաների համար նորություններ սպասվելու են տարվա վերջին, սակայն այժմ շարունակելու են խաղալ «Սառցե սիրտ» և «Ալադին» ներկայացումները։

Նա ասաց, որ այս տարի էականորեն փոխվելու է նաև հանդիսատեսի սպասարկման որակը։ 2020թ․ ամռանն արդեն իսկ Կառավարության տրամադրած միջոցներով վերանորոգվել են հանդիսատեսին սպասարկող սանհանգույցները։ Ձևափոխման փուլում է նաև թատրոնի ծառայողական մուտքի ճակատային հատվածը։

«Փորձելու ենք նաև իրականացնել մեր կրթական հիմնական ծրագիրը՝ «Դասարան գումարած դասական»։ 2019 թվականից այս ծրագիրը շատ պահանջված է դարձել։ Ծրագրի շրջանակներում նախատեսում ենք նաև ներկայացումներ ունենալ մարզերում», - ասաց Վարդան Մկրտչյանը։

Այս տարվա օգոստոսից արդեն սկսելու են նշել թատրոնի 100-ամյակը․

«Ուզում եմ կոչ անել մեր հանրությանը՝ ակտիվորեն կանգնել այս գաղափարի թիկունքին։ Մենք նաև կարիք ունենք, որ, այսպես ասած, թասիբով, ազգասեր հովանավորներ միանան մեզ», - ասաց նա։

Չնայած վերջին շրջանում մարդկանց ապրած դժվարություններին, նրա խոսքով, հայ հանդիսատեսը հիմա ակտիվորեն հաճախում է թատրոն։