Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Պաշտոնական

Լեռնային Ղարաբաղում «Գորշ գայլեր» կազմակերպության ծրագրերի մասին Ռուսաստանը տվյալներ չունի․ ՌԴ ԱԳՆ (տեսանյութ)

Տվյալներ այն մասին, որ «Գորշ գայլեր» կազմակերպությունը պատրաստվում է ինչ-որ նախագծեր իրականացնել Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես Շուշի քաղաքում, Ռուսաստանը չունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանի Հանրային հեռուստատեսության թղթակցի համապատասխան հարցին։

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղը հավաքական ջանքերով վերադառնում է խաղաղ կյանք, եւ դրա համար անհրաժեշտ է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ հարևան բոլոր երկրները գործեն միասնական դիրքերից և աջակցեն տարածաշրջանի տարածքում ապրող բոլոր ժողովուրդների միջև երկխոսության հաստատմանը, օգնեն տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, ապահովեն պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունը, ասել Է Զախարովան:

«Երբ ես խոսում եմ միասնական դիրքորոշումների մասին, առաջին հերթին պետք է ելնել կայուն խաղաղության հաստատումից, որի հիման վրա մարդիկ, վերադառնալով տարածաշրջան, կյանք կկառուցեն մի շարք ուղղություններով՝ տնտեսություն, ֆինանսներ, տնտեսական կապեր, տրանսպորտ, լոգիստիկա», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

 

Թուրքիայում երկու հայկական եկեղեցիներ վաճառքի են հանվել, շատ են եկեղեցիների, հուշարձանների ոչնչացման դեպքերը: Մշակութային վանդալիզմի ֆոնին տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու մասին հայտարարությունները կարո՞ղ են արդյոք հավատ ներշնչել:

«Չեմ կարող որևէ գնահատական տակ անշարժ գույքի օբյեկտների վաճառքի վերաբերյալ, սակայն, ինչ-որ պահի ինձ համար էլ զարմանալի էր, որ աշխարհում մշակութային օբյեկտների վաճառքի պրակտիկա կա: Դեպքեր կան նաև, որ մշակութային օբյեկտները վերածվում են տների, առևտրի կենտրոնների, նույնիսկ գիշերային ակումբների: Այս պարագայում խոսքը յուրաքանչյուր երկրի ներքին ազգային օրենսդրության մասին է, և պետք է ելնել դրանից: Ինչ վերաբերում է կրոնական օբյեկտների և պատմական հուշարձանների ոչնչացմանը, ապա պետք է հասկանալ՝ կոնկրետ ինչի՛ մասին է խոսքը: Սակայն դուք շատ լավ գիտեք մեր դիրքորոշումը, որ պետք է հոգածությամբ վերաբերվել կրոնական օբյեկտներին, պատմական հուշարձաններին»,- հայտարարել է Մարիա Զախարովան: