Բացել լրահոսը Փակել լրահոսը
slide
A A
Պաշտոնական

Բակալավրիատի կրթական ծրագրով կհատկացվի 2918 անվճար և 22.300 վճարովի տեղ

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է 2021/2022 ուստարվա ընդունելության համար ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 2918 անվճար և 22.300 վճարովի տեղ: Մագիստրատուրայի կրթական ծրագրով (անվճար), առկա ուսուցմամբ առաջարկվում է հատկացնել  1391 տեղ, որից 1099-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա՝ բակալավրի ու մագիստրատուրայի կրթական ծրագրերով ընդունելության տեղերի հատկացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագծերը հանրային քննարկման է դրվել իրավական ակտերի e-draft.am տեղեկատվական հարթակում:

Բակալավրիատի ծրագրով` անվճար տեղերից  88-ը առաջարկվում է տրամադրել օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում` 70 տեղ նախատեսված է սփյուռքահայ դիմորդների, 13 տեղ` միջպետական պայմանագրերով ընդունելության համար: Միջպետական համաձայնագրի շրջանակում ևս 5 տեղ կհատկացվի  Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետին` Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների ուսումնառության համար:

Բակալավրիատի կրթական ծրագրով Արցախի Հանրապետությանը հատկացված է 60  նպատակային տեղ (չհաշված ՀՀ ոստիկանության կրթահամալիրին և ՀՀ ԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային հատկացված տեղերը):  350 տեղ նախատեսվում է հատկացնել ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության համար: Պահուստային տեղերի համար նախատեսվել է 62 տեղ: Նախորդ տարիների նման այս տարի ևս առանձին ընդունելության տեղեր կհատկացվեն «Արարատյան բակալավրիատ» ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում 2021/2022 ուսումնական տարում ընդունելություն կիրականացվի մի շարք նոր մասնագիտություններով (կրթական ծրագրերով)՝ «Գեոդեզիա և կադաստր», «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր», «Մեքենասարքավորումների ճարտարագիտություն», «Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն», «Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ» և «Ճշգրիտ գյուղատնտեսություն»,  «Պետական և ռազմական կառավարում», «Արհեստական բանականությամբ համակարգեր», «Միջուկային տեխնոլոգիաների կառավարում», «Նորարարությունների տնտեսագիտություն»,  «Մարդկային ռեսուրսների կառավարում», «Մարքեթինգային հաղորդակցություններ», «Հանրային ծառայությունների բիզնեսի կազմակերպում և կառավարում», «Կիրառական վիճակագրություն» և այլն:

Նախագծով մագիստրատուրայի համար նախատեսված է պահուստային 9 տեղ ընդունելության մրցույթում հավասար միավորներ (ՄՈԳ) ունեցող դիմորդների համար: 

Անվճար տեղերի հայտը ձևավորելիս հաշվի է առնվել շահագրգիռ կազմակերպությունների և բուհերի ներկայացրած հայտերը, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջարկը` ըստ բուհերի կարիերայի կենտրոնների վերլուծության: Նախապատվությունը տրվել է՝ ճարտարագիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի, ճարտարապետության և շինարարության, համակարգչային, ֆիզիկական, կենսաբանական գիտությունների, գյուղատնտեսական գիտությունների և մաթեմատիկայի ոլորտների մասնագիտություններին և կրթական ծրագրերին:

Շահագրգիռ կառույցներն ու անհատներն իրենց առաջարկներն ու դիտողությունները կարող են ներկայացնել բակալավրի կրթական ծրագրով տեղերի համար մինչև մարտի 2-ը, մագիստրատուրայի կրթական ծրագրի համար` մարտի 5-ը ներառյալ:

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ    ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ