Ինչպես է ընթանում զինծառայողների ընտանիքների փոխհատուցումը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎիրավոր զինվորներին և զոհվածների ընտանիքներին գումարային փոխհատուցման գործընթացը մի քանի փուլեր է անցնում։ Լրագրողներին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Առաջին փուլում Առողջապահության նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կողմից իրականացվում է քննություն, տրամադրվում է հաշմանդամության կարգ։ Առաջին եւ երկրորդ հաշմանդամության կարգ ունենալու դեպքում վիրավոր զինծառայողները ստանում են աջակցություն «1000 դրամների» հիմնադրամից։
«Այստեղ կա նաև անհրաժեշտություն, որ այդ վիրավորման պատճառները հաստատվեն ռազմական տեսանկյունից։ Մենք իրականացնում ենք առողջական գնահատական, որ այդ վիրավորումը տեղի է ունեցել ռազմական գործողությունների ընթացքում», - ասաց նախարարը։
Այս պահին շուրջ 400 քաղաքացի անցել է փորձաքննությունը և նրանք ստացել են հաշմանդամության խումբ, նշեց Մեսրոպ Առաքելյանը։
Անհետ կորած տղաների ընտանիքների համար հաստատվել է սոցիալ-հոգեբանական ծրագիր: Կա հոգեբանական ծառայության հնարավորություն, որն իրականցվում է Արտակարգ իրավիճակների նախարարության միջոցով։
Անդրադառնալով սահմանամերձ 39 համայնքի սոցիալական աջակցություն հատկացնելու ծրագրին, որում ներռված չեն Խնձորեսկն ու Քարահունջը, նախարարը նշեց․
«Սահմանված հեռավորության հստակ չափանիշներ կան։ Սակայն մի քանի համայնքների հետ կապված բողոքներ են եղել, և այժմ մենք քննարկում ենք նաև այդ համայնքները ցանկում ներառելու հարցը»։
Նրա խոսքով՝ ցանկում ընդգրկված բնակավայրերի՝ սահմանից հեռավորությունը հաշվարկել են սկսած բնակելի տներից, սակայն չընդգրկվածների բնակիչները նշում են, որ իրենց մշակելի հողատարածքներն են շատ ավելի մոտ սահմանին։