Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«100 տարի առաջ մենք գործ ունեինք հզորացող, իսկ այսօր՝ թուլացող և նահանջող Ռուսաստանի հետ»․Ազգային-ժողովրդավարական բևեռի երթը (տեսանյութ)

Ազգային-ժողովրդավարական բևեռն այսօր նախաձեռնել էր հավաք-երթ՝ նվիրված Փետրվարյան ապստամբության 100-ամյակին։

Հավաք-երթը մեկնարկեց Գարեգին Նժդեհի արձանի հարակից տարածքից և ավարտվեց Անգլիական այգում՝ Երևանի բանտում բոլշևիկների կողմից կացնահարվածների հիշատակի խաչքարի մոտ ծաղիկներ խոնարհելով։

Բևեռի անդամ, բժիշկ Վահե Գասպարյանն ընթերցեց բևեռի ուղերձը՝ նվիրված ապստամբության 100-ամյակին․

«Թեև ուժերն անհավասար էին, և ապստամբությունը ֆիզիկապես պարտվեց, սակայն այդ յուրօրինակ Սարդարապատի վճռական պոռթկումը կարողացավ զավթիչներին պարտադրել հայկական գործոնի հետ հաշվի նստելու անհրաժեշտութունը»,-ասված է բևեռի ուղերձում։

Մեջբերելով բևեռի ուղերձը՝ Գասպարյանը հավելեց՝ այսօր մենք ապրում ենք դարակազմիկ փոփոխությունների աշխարհում․

«Մեր տարածաշրջանում, բացի Ռուսաստանից և Թուրքիայից, կան ավելի խոշոր խաղացողներ, որոնց շահերը համընկնում են մեր շահերին, և այս ամենի հետ մեկտեղ մենք 100 տարի առաջ գործ ունեինք հզորացող, իսկ այսօր՝ թուլացող և նահանջող Ռուսաստանի հետ»,-ընդգծեց նա։

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն էլ իր ելույթում նշեց․ 

«Ես կուզեմ անդրադառնալ մի կեղծ առասպելի, որը հյուսվել է Փետրվարյան ապստամբության վերաբերյալ՝ միջազգային հարաբերությունների տեսանկյունից։ Դու շատ հաճախ լսած կլինեք, որ ասվում էր՝ եթե չլիներ Փետրվարյան, ինչպես բոլշևիկներն են ասում` խռովությունը, ապա Հայաստանը կունենար այլ սահմաններ, քանի որ կկարողանար մասնակցել Մոսկվայի տխրահռչակ բանակցություններին։ Ասեմ, որ դա ամբողջովին կեղծիք է, որովհետև բոլշևիկների կողմից բանակցությունները վարում էր Լևոն Կարախանը՝ հայտնի հայազգի բոլշևիկ, որի մասնակցությանն անգամ թուրքերը դեմ գնացին՝ ասելով, որ որևէ հայ չի կարող մասնակցել Մոսկվայի պայմանագրերին։ Սա ցույց է տալիս, թե ինչքան կեղծ է այդ դրույթը»։

Պապյանը հիշեցնում է՝ դրանից կես տարի առաջ՝ 1920 թվականի օգոստոսի 24-26-ը, Մոսկվայում Էնվեր փաշան հանդիպել էր Լենինի հետ, և արդեն համաձայնության էին եկել հայտնի սեպտեմբեր-նոյեմբերյան պատերազմի վերաբերյալ, և սահմանները հստակ գծված էին։ 

Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն իր հերթին հայտարարեց՝ այսօր մեր երկրի Արցախյան մարզը զավթված է նույն ռուս-թուրքական ոսոխի կողմից՝ նույն մոսկովյան ռուս-թուրքական պայմանագրի տրամաբանությամբ։

Խզմալյանի խոսքով՝ հենց հիմա շարունակվում է հայաթափությունը, և օրակարագի մեջ է դրվել հայերենը դուրս մղելու և ռուսերենով փոխարինելու հանցավոր գաղափարը․

«Այսօր մեր ապստամբության, դիմադրության գլխավոր խորհրդանիշը ոչ միայն եռագույնն է, Նժդեհն է, այլ նաև մեր լեզուն է, այբուբենը։ Մեր թշնամիները փորձում են մերժել մեր ազգային ինքնությունը, մշակույթը։ Ոչինչ չի ստացվի նրանց մոտ, ինչպես չստացվեց 100 տարի առաջ՝ փետրվարին։ Չի ստացվել, որովհետև մենք կրկին ապստամբեցինք և մենք 1988 թվականին առաջինն էինք, որ տապալեցինք Խորհրդային միությունը, ահա ինչու են նրանք վրեժ առնում այսօր։ Նրանց մոտ կրկին ոչինչ չի ստացվի։ Եվ մենք մեր ազգային ավանդույթի համաձայն՝ լինելու ենք նաև պուտինյան Ռուսաստանի և էրդողանյան Թուրքիայի գերեզմանափորը, ինչպես եղել ենք կայսրությունների գերեզմանափորը մեր ողջ պատմության ընթացքում»,- ասաց նա։

Ազգային ժողովրդավարական բևեռը հայտարարեց մարտի 16-ին նախատեսված համապետական հանրահավաքի մասին։