Երկու դատ է լինելու․Մանուկյանը՝ Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱմսի 20-ից հետո Ազատության հրապարակը կօգտագործենք որպես շտաբ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17–ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, ով Ազատության հրապարակ էր եկել աջակիցների հետ զրուցելու համար։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, Մանուկյանը հայտարարեց՝ այս ամբողջ ընթացքը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը շատ վատ ղեկավար է, ինքը չի կարողանում կառավարել ո՛չ բանակը, ո՛չ պետությունը․
«Երբ մարդու ուշքն ու դարդը այն է, որ իշխանություն պահի, ինքն ինչ-որ պոպուլիստական քայլեր կարող է անել, բայց կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը մեր երկրի ապագայի համար վտանգավոր է դարձել։ Անցյալից դատելով՝ կարող եմ ասել, որ մի մարդ, որը ուժասպառ ձեւով փորձում է իշխանություն պահել եւ ո՛չ հարգանք ունի ժողովրդի, ո՛չ էլ արտաքին աշխարհի կողմից, նա որեւէ օգուտ Հայաստանին բերել չի կարող։ Իր ամենահայրենասիրական քայլը կլիներ, եթե ինքը կամավոր գնար»,– ասաց նա։
«Ա1+»-ի դիտարկմանը, թե այսօր Շիրակի մարզում Փաշինյանի մեքենան ժողովուրդը կանգնեցրել՝ աջակցություն են հայտնել, եւ հավելել, որ թավիշը պետք է վերացնեն, Վազգեն Մանուկյանն արձագանքեց.
«Իշխանությունները միշտ էլ կարողանում են այդպիսի բաներ կազմակերպել, դա դժվար չէ։ Եթե դուք հետեւեք Գյումրիի հանրահավաքին, թե որ մասն էր այնտեղից, իսկ որը՝ բերված, կտեսնեք, որ դա կազմակերպված ներկայացում է։ Բացի այդ՝ միշտ էլ հասարակությունում ցանկացած ղեկավարի դեպքում կլինեն մարդիկ, որոնք էդ ղեկավարի նկատմամբ հարգանք կունենան, խոսքը ընդհանուր ժողովրդի մասին է, եւ այն, ինչ ինքն անվանեց էլիտա։ Բոլոր մարդիկ, որոնք ամեն ինչ հասկանում են, որեւէ հարգանք իր նկատմամբ չունեն, իսկ ժողովուրդն էլ իր կառավարման տարիներին ավելի լավ չի ապրել, և Նիկոլը պատասխան է տալու այդ ամեն ինչի համար, բայց երկու դատ է լինելու։ Առաջին դատում ինքը պատասխան է տալու կոռուպցիայի համար, որ երկիրը խրեց նորից էն կոռուպցիայի մեջ, որի դեմ ինքը պայքարում էր, եւ երկրորդ դատը կլինի պատերազմում դավաճանության համար»։
Հարցին, թե մի քանի օր է՝ Ազատության հրապարակում հանդիպում է քաղաքացիների հետ, ի՞նչ հարցերով են նրան դիմում քաղաքացիները, Մանուկյանն արձագանքեց՝ հարցերը բազմաբնույթ են, բայց հիմնականում մարդկանց մտահոգում է, թե երբ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա, և հույս կա՞, որ երկիրը կարող են վերականգնել․
«Մենք մի քանի անգամ ընկել ու բարձրացել ենք, ու նորից այս ընկած վիճակից կբարձրանանք, բայց պետք է դաս քաղենք, որ երկիրը պետք է լինի այնպիսին, որ դրսի ուժերը չկարողանան խաղալ մեր զգացմունքների հետ եւ նորից վերցնել իշխանություն ու երկիրը կործանել»,– ասաց Վազգեն Մանուկյանը։
Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ընդդիմությունը փակուղում չէ, Մանուկյանը նախ արձագանքեց, թե ընդդիմություն բառին կողմ չէ, ընդդիմություն լինում է, երբ քաղաքական ուժերի պայքար է գնում, այս դեպքում երկիրը բացահայտ կատաստրոֆայի է հասցված․
«Նիկոլ Փաշինյանը չէ որոշողը՝ ինքը պետք է մնա, թե ոչ, ժողովուրդը պետք է որոշի, ընդդիմությունը կազմակերպում է ժողովրդին, որպեսզի ժողովրդի միջոցով փոխի իշխանությունը։ Այն, որ ժողովրդի 90 տոկոսը տրամադրված է Նիկոլ Փաշինյանի դեմ, դա հաստատ է»։
Մանուկյանն ասում է՝ 30 տարվա մեջ մեր պետությունում շատ չարիքներ են եղել, իսկ դրանց հիմնական արմատը եղել են կեղծված ընտրությունները։
Մանուկյանն անդրադարձավ նաև Արցախյան խնդրի և բանակցությունների վերաբերյալ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին․
«Պատերազմի ժամանակ մենք ունեցել ենք մի հստակ բանաձև, որի մասին խոսել ենք նաև իրար մեջ, մեր հստակ նպատակը հետևյալն էր՝ մենք ապահովում ենք Ղարաբաղի անվտանգությունը, դա բերում է նրան, որ մենք պետք վերցնենք Քելբաջարը, Զանգելանը և այլն, բանակցությունների միջոցով մենք տարածքները մենք տալիս ենք, պահում ենք միջանցք և անկախ Ղարաբաղ, բանակցությունները գնացել են այդպես»։
Մանուկյանի խոսքով՝ սեղանին դրված վերջին բանակցային փաստաթուղթը եղել է այն մասին, որ մենք տալիս ենք 5 շրջանը, Արցախի կարգավիճակը չի որոշվում, թողնվում է ինչ-որ ժամանակ հետո հանրաքվեով լուծվելու տարբերակը, Քելբաջարն ու Լաչինը մնում են ստատուս-քվոյի մեջ մինչև հանրաքվեն, ըստ Մանուկյանի՝ սա լավագույն լուծման տարբերակը կարող էր լինել․
««Ոչ մի թիզ հողը» առաջացավ հանրության միջին շերտից, ովքեր շատ հայրենասեր էին ձևանում, բայց ժամանակակից աշխարհի իրականությունը չէին պատկերացնում»։