«Բարսելոնան» կրկին կընդունի «ՊՍԺ»-ին, իսկ «ՌԴ Լայպցիգը» կխաղա չեզոք դաշտում. Չեմպիոնների լիգա
Աջակցիր «Ա1+»-ինԵրկու ամիս ընդմիջումից հետո վերսկսում է ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի մրցաշարը: Այսօր 1/8 եզրափակիչ փուլի շրջանակում կկայանան երկու հանդիպում:
Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» սեփական դաշտում կընդունի Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ին: Ֆուտբոլասերները մեծ հետաքրքրությամբ են սպասում այս հանդիպմանը, քանի որ չորս տարի առաջ թիմերը նույն փուլում հանդիպել էին իրար հետ և անմոռանալի խաղեր էին անցկացրել: Այն ժամանակ առաջին մրցավեճում «ՊՍԺ»-ն իր հարկի տակ 4:0 հաշվով հաղթանակ էր տարել, իսկ ահա պատախանում պարտվել էր 1:6 հաշվով և դուրս մնացել պայքարից:
Ֆրանսիացի երկրպագուները հայտարարել են, որ եկել է փոխհատուցման ժամանակը: Կատալոնցի ֆուտբոլասերներին այժմ մտահոգում է լրիվ ուրիշ հարց: Բանն այն է, որ «ՊՍԺ»-ն ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» ներկայիս գերաստղին՝ Լիոնել Մեսիին: Զարմանալի չէ, որ բարսելոնացի երկրպագուները ակցիա են անցկացրել «ՊՍԺ»-ի վարձակալած հյուրանոցի դիմաց և ֆրանսիական ակումբի ղեկավարներին կոչ են արել հեռու մնալ իրենց թիմի թալիսմանը համարվող Լիոնել Մեսիից:
Երկու թիմերն էլ այժմ գտնվում են լավ մարզավիճակում: «Բարսելոնան» հաղթել է Իսպանիայի առաջնության վերջին յոթ հանդիպումներում, իսկ «ՊՍԺ»-ն ազգային առաջնության անցած 7 խաղերում տարել է 6 հաղթանակ, կրել՝ մեկ պարտություն: Ֆրանսիական թիմը այսօր չի կարող հանդես գալ հիմնական կազմով, քանի որ վնասվածքներ ունեն առաջնցքային խաղացողներ Նեյմարն ու Դի Մարիան:
Օրվա երկրորդ խաղում գերմանական «ՌԲ Լայպցիգը» Բուդապեշտում կընդունի Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլին»: Խաղը տեղափոխվել է չեզոք դաշտ, քանի որ Գերմանիայի կառավարությունը թույլ չի տալիս երկիր մուտք գործեն նոր կորոնավիրուսի ախտանիշներով վարակված երկրների քաղաքացիներին, այդ թվում անգլիացիներին:
Թիմերն առաջին անգամ են հանդիպում միմյանց հետ: «Լիվերպուլը» ներկայումս բավական անհաջող է հանդես գալիս ներքին առաջնությունում և վերջին երեք խաղերում պարտություն է կրել: «ՌԲ Լայպցիգը», հակառակը, չորս հաղթանակ է տոնել վերջին չորս խաղերում, որից երեքը՝ սեփական դաշտում:
Երկու թիմերն էլ մեծ թվով վնասվածք ստացած ֆուտբոլիստներ կան: «Լիվերպուլի» համար մեծ կորուստ են պաշտպան Վիրջիլ Վան Դեյկի և կիսապաշտպան Ֆաբինիոյի բացակայությունը, իսկ «ՌԲ Լայպցիիգի» համար՝ հարձակվող Դոմինիկ Սոբոսլաիի անկարողությունը:
«Բարսելոնա» - «ՊՍԺ» և «ՌԲ Լայպցիգ» - «Լիվերպուլ» խաղերը կսկսեն ուղիղ կեսգիշերին: Ֆուտբոլասերները դրանք կարող են դիտել այստեղ և այստեղ.