Նախկին իշխանությունից Կարեն Կարապետյանն է, ով ունի վարկանիշ. Սարգսյանը փորձեց վերջին հարվածը հասցնել․ Թովմասյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍտացվում է այնպես,որ Արցախի հարցում, որը մեզ համար ամենակարևորն էր, մենք չենք ունեցել պետական սինխրոն մտածողություն։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Սերժ Սարգսյանից հետո իշխանությունը վերցրած Նիկոլ Փաշինյանը, երբ մեկ անգամ հարց հնչեց, թե ո՞ր դեպքում կհանդիպի Սերժ Սարգսյանին, ասաց՝ միայն Արցախի հարցով, ցավոք սրտի, այդ թեմայով էլ հանդիպում չեղավ և այդ խզվածքը առաջացրեց այն անդառնալի հետևանքները, որը մենք քաղեցինք ազգովի»,-ընդգծում է Թովմասյանը։
Անկախ պատգամավորն ասում է՝ իր համար զարմանալի էր, որ Սերժ Սարգսյանն ասաց, թե իշխանությունը հանձնել է Կարեն Կարապետյանին․
«Ինչպե՞ս ստացվեց, որ նույն Հանրապետական իշխանությունը խելոք կատարեց այն պահանջները, որոնք ներկայացնում էր Նիկոլ Փաշինյանը, այդ պահանջները կատարեցին նույն Կարեն Կարապետյանի՝ դեռևս իշխանության օրոք։ Ես կարծում եմ, որ այստեղ ներքին ինտրիգներ սարքելու ակնհայտ միտում կար, և այդ ինտրիգների հիմնական նպատակը Կարեն Կարապետյանի վրա այս ամոբոջ նեգատիվը բարդելն էր, որովհետև Կարեն Կարապետյանը նախկին իշխանության ներկայացուցիչներից այն եզակիներից է, ով ունի վարկանիշ, այսօր նրա նկատմամբ կա վստահություն, և թերևս սրանով էր պայմանավորված, որ Սերժ Սարգսյանը փորձեց մի վերջին հարված հասցնել, վրեժ լուծել և իրենից նեգատիվը վանեց դեպի Կարեն Կարապետյան»։
Թովմասյանն ասաց՝ համակարծիք չի եղել այն պնդումների հետ, թե Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի պրոեկտն է, ասում է՝ եթե համակարծիք լիներ այդ պնդումների հետ, չէր լինի իշխող թիմում։
Սերժ Սարգսյանի պնդումներին, թե 2018-ի շարժումը հակաղարաբաղյան շարժում է եղել, Թովմասյանն ասում է՝ ինքն այդպես չի համարում, այլ հարց է, որ իշխող թիմից իր շատ գործընկերների խոսքերի, վարքագի մեջ ցավ ու ափսոսանք չի տեսնում Արցախի հետ կապված։
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, Թովմասյանն ասում է՝ այստեղ սկզբունքային անհամաձայնություն ունի գործող իշխանության հետ․
«Եթե ամեն ինչ այդքան վատ էր, ինչո՞ւ էր ԱԺ ամբիոնից հայատարարվում, թե ինչ պետք է, այն էլ բանակցվում է, ինչո՞ւ կառավարությունը չէր ասում ընտրություն չունենք, պետք է տարածքները տանք, ես, օրինակ՝ չեմ իմացել, որ միայն դա է բանակցային թեման»։
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, Թովասյանն ասաց, որ այս պահի դրությամբ չի տեսնում արտահերթ ընտրությունների գալու ծրագիր կամ ցանկություն․
«Ես նաև գիտեմ, որ իշխանությունները հստակ մեսիջներ են ուղարկել տարբեր քաղաքական ուժերին, որ եթե մինչև հունիսի վերջ ընտրություն չարեցինք, էլ չենք անելու»։