A
A
Ճանաչողական այցով Լոռու մարզում էր Առողջապահության նախարարը
Աջակցիր «Ա1+»-ինԼոռու մարզպետարանից հայտնում են․
«Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանի, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ նախարարը շրջեց Սպիտակի բժշկական կենտրոնի բաժանմունքներում, ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին:
Մարզպետը շեշտեց՝ բոլորիս համար պատասխանատու այս ժամանակահատվածում բուժաշխատողների աշխատանքային ծանրաբեռնվածությունը անհամեմատ մեծ էր, նախ ՝ COVID-ը, հետո նաև՝ պատերազմը. ծանր փորձություններ, որոնք բուժաշխատողները պատվով հաղթահարեցին:
-Ի դեմս ձեզ՝ պատերազմի օրերին թիկունքի ապահովությունը վստահելի ձեռքերում էր: Կորոնավիրուսի տարածման առաջին իսկ օրերից մինչև հիմա շարունակում եք ամենօրյա ծանրաբեռնված աշխատանքը - նշեց մարզի ղեկավարը: Արամ Խաչատրյանը նաև շնորհակալություն հայտնեց նախարարին մարզ այցելության, աշխատակիցների խնդիրներին հաղորդակից լինելու և մոտիվացնելու համար:
Սպիտակի ԲԿ-ի տնօրեն Վարդուհի Սիսակյանը պաշտոնյաներին ներկայացրեց կենտրոնի գործունեությունը: Ինչպես հայտնի է, Սպիտակի բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել և դարձել է մասնակի կորոնավիրուսային բուժման հիվանդանոց, սակայն մնացած ծառայությունները ևս գործում են, այդ թվում՝ ծննդօգնության, ակնաբուժական, թերապիայի, ինֆեկցիոն և վիրահատական բաժանմունքները: Այս պահին COVID-ով վարակված 38 պացիենտ կա, իսկ մահճակալները նախատեսված են 40 հիվանդի համար, տնօրենի փոխանցմամբ՝ մինչ օրս սպասարկել են շուրջ 1700 վարակված անձի, այսօր էլ հիմնականում բուժում են ծանր վիճակում գտնվող պացիենտներին: Վարդուհի Սիսակյանը շնորհակալություն հայտնեց և՛ նախարարությանը՝ արագ ու օպերատիվ աշխատանքի, և՛ մարզային իշխանություններին՝ ստեղծված իրավիճակում սերտ համագործակցության ու աջակցության համար:
Հաջորդ կանգառը Վանաձորի բժշկական կենտրոնն էր, որտեղ կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացավ բաժանմունքների գործունեությանը, զրուցեց աշխատակիցների հետ: Այցելություն կատարվեց նաև ՎԲԿ-Ի տարածքում տեղակայված շարժական մամոգրաֆիայի կաբինետ։ Վերջինս շուրջ մեկ ամիս է, ինչ Վանաձորում է։ Մի քանի ամիս անց այն կլինի նաև մարզի մյուս քաղաքներում՝ ընդհանուր առմամբ շուրջ մեկ տարի անվճար սպասարկելով մարզի համաբուժարաններին բուժամբուլատորիաներին կցագրված 50-69 տարեկան կանանց:
Նախարարը վստահեցրեց, որ նմանատիպ այցերը մարզեր պարբերական բնույթ են կրելու՝ այդ կերպ փորձելով վեր հանել տեղերում առկա խնդիրները և լուծման ուղիներ նախանշել»։