Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Հասարակություն

Մի օր մենք կվերադառնանք Հադրութ․ զրույց Մարգարիտ Քարամյանի հետ (տեսանյութ)

Ինչ խնդիրների առջև են այսօր կանգնած իրենց հողը, տունն ու աշխատանքը կորցրած հադրութցիները, ինչպես և ով պետք է լուծի նրանց վերաբնակեցման հարցերը, ինչ են մտածում այս ամենի մասին իրենք հադրութցիները: «Ա1+»-ը զրուցել է «Վերադարձ դեպի Դիզակ» նորաստեղծ ՀԿ-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Քարամյանի հետ:  

«Առայժմ ոմանք հյուրանոցներում ու պանսիոնատներում են մնում, ոմանք բնակարան են վարձում, սակայն մարդիկ չգիտեն, թե ինչ է իրենց սպասվում և այս անորոշ վիճակը կարող է պատճառ դառնալ, որ հադրութցիները արտագաղթեն, հիմնականում՝ Ռուսաստան, քանի որ շատերն այնտեղ բարեկամներ ունեն,- ասում է հադրութցի տիկին Քարամյանը: - Պատրաստվում ենք շատ լուրջ հարցեր բարձրացնել Մինսկի խմբի համանախագահների առջև, դեսպանատների առջև, ինչպիսի՞ն է լինելելու Արցախի կարգավիճակի հարցը, եթե կարգավիճակի հարց դրվի, որ տարածքով է այն ճանաչվելո՞ւ: Այս բոլոր հարցերը մենք պետք է պարզաբանենք մեզ համար և հասկանանք, թե դեպի ուր են գնում պրոցեսները: Եթե վերադառնալու ենք, ապա ով է մեր անվտանգությունն ապահովելու: Մարդկանց կորցրած գույքի պատասխանը ով է տալու»:

Հարցերն ու խնդիրները բազում են: Օրինակ՝ արդեն Հայաստանում, չափահաս դարձած երեխաներին Հայաստանի Հանրապետությունը անձնագիր տալ չի կարող: Ինչո՞ւ հարցին, տիկին Քարամյանը պատասխանում է.

«որովհետև Ադրբեջանը, իսկ ավելի ճիշտ Թուրքիայի թելադրությամբ թույլ չի տալիս: Այսինքն, մենք, որպես ժողովուրդ, մեր իրավունքները չենք կարողանում պաշտպանել: Միջազգային հանրություն կոչվածը կարծես պարալիզացված լինի, սակայն, եթե հայությունը լռի, չպահանջի, ամեն ինչ կկորցնենք:» 

Դրա համար էլ որոշել ենք ստեղծել այս կազմակերպությունը, որ միջազգային ատյաններին ոչ թե անհատներն առանձին հայցերով դիմեն, այլ ՀԿ-ն: 

«Հադրութցիները ոչ միայն իրենց տունն ու գույքն են կորցրել, այլ նաև անցյալը: Հույսներս չենք կտրում, որ մի օր վերադառնալու ենք Հադրութ, բայց նաև գիտենք, որ շուտ չի լինելու: Միգուցե երեսուն տարի չի տևի, իսկ թե ինչքան, գիտեն միայն նրանք, ովքեր «պայմանավորվում են»»,- զրույցն ավարտեց տիկին Քարամյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում