Բացել լրահոսը Փակել լրահոսը
149619481_421642185724288_5102407827121671425_n
A A
Հասարակություն

Չինական նոր  տարի՝ կորոնավիրուսից հետո

Այսօր Չինաստանում նոր տարի է կամ ինչպես չինացիներն են ասում՝  գարնան տոնը։

Երանուհի Մանուկյանը, որ 2019թ․ մարտից ապրում է Չինաստանի Ֆոշան քաղաքում, «Ա1+»-ին հայտնեց, որ  նոր տարվա տոնակատարություններից առաջ մեծ եռուզեռ է ամբողջ երկրում։

Այս տարի՝ կորոնավիրուսից և երկարատև սահմանափակումներից հետո, ինչպես նա է պատմում, հրավառությունները, պայթյուններն ու շարժը կրկին վերադարձել են քաղաք։   Տոնակատարությունը  տեւում է երկու  շաբաթ։

Անցյալ տարի Չինաստանում տոնը նշել չեն հասցրել, Երանուհին ասում է՝ հունվարի 17-ին սկսվել էին նոր տարվա տոնակատարությունների նախապատրաստություններն ու արձակուրդը, սակայն տոնից մի քանի օր առաջ կարանտին են հայտարարել․

«Շատ մեծ խառնաշփոթ էր սկսվել այդ ժամանակ, որովհետև մարդիկ մեծ պատրաստություն էին տեսել ու ծախսեր էին արել», - ասում է նա։

Երանուհին տխրությամբ նշում է, որ երկու տարի նոր տարվա տոներին Չինաստանում է լ, բայց վիրուսի պատճառով մասնակցել չի կարողացել։ Այժմ էլ կարանտինի մեջ է, քանի որ Հայաստանում էր և օրերս է վերադարձել Չինաստան։

Շատ սահմանափակումներ այնտեղ այժմ չկան, բայց այլ երկրից գնալիս և անգամ քաղաքից քաղաք տեղափոխվելիս պետք է կարանտինի մեջ մնալ։ Եվ ոչ թե 14 օր, այլ 20 օրից ավելի ու այդ ընթացքում կորոնավիրուսի 4 թեստ է պետք հանձնել․

«Բացի պաշտոնական սահմանափակումներից, հենց մարդիկ էլ այստեղ շատ կարգ ու կանոնով են ապրում։ Եթե հայտարարել են, որ պետք է զգույշ լինել, դիմակներ օգտագործել և անգամ հատուկ արտահագուստ կրել, մարդիկ դրանց հետևում են։ Դեպի Չինաստան թռիչքի ժամանակ միայն մենք էինք, որ չունեինք այդ արտահագուստից ու մարդիկ մեզ զարմանքով էին նայում», - պատմում է Երանուհին։

Երանուհին թեեւ տոնակատարությանը չի մասնակցելու, բայց մանրամասներ է փոխանցում։

 «Նրանց համար զարդարանքների մեջ կարմիր գույնը շատ կարևոր է։ Կարմիրը, ըստ իրենց ավանդույթի, մարդկանց պահեստներն ու ամբարները պաշտպանում է հրեշից, որ գալիս է խժռելու ցորենը, բրինձը և այլն։ Քանի որ նորալուսնի հետ է կապված տոնը, ամենուրեք կան մեծ, կլոր և կարմիր լապտերներ», - ասում է նա։

Մարդիկ սիրում են նոր տարվան ծաղիկներ նվիրել իրար, նաև կարմիր ծրարներ՝ ներսում բարեմաղթանքներ և գումար։ Նոր տարվա արձակուրդների հետ կապված այստեղ շատ խանութներ և շուկաներ փակվում են․

«Անցյալ տարի անգամ ասել էին, որ նախապես ուտելիք գնենք, որովհետև խանութները փակվելու են։ Կյանքը կարծես կանգնում է այդ օրերին, որովհետև մարդիկ ընտանիքներով են նշում տոնը։ Շատերն էլ մեկնում են ճամփորդելու», - ասում է Երանուհին։

Չինական օրացույցով Ցլի տարի է, որը համարվում է  ընտանիքի խորհրդանիշ։