Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հանրության պահանջն առաջիկայում իշխող ուժը իր կաշվի վրա կզգա․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

«Հայրենիքի փրկության շարժման» ներսում որևէ տարաձայնութուն չկա։ Լրագրողների հետ զրույցում վստահեցրեց շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը․

«Պարոն Մանուկյանն առանձին չի գործում, կար հրատապ հավաքի անհրաժեշտություն, հրատապ հավաք արեցինք քաղաքացիների հետ, բայց զրույց էր և որը շատ հաջողված միջոցառում էր»,- նշեց Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝  հանրության պահանջն առաջիկայում իշխող ուժը իր կաշվի վրա կզգա․

«Եթե իշխանությանը թվում է, որ կարող է մեր հայրենիքի մի կարևոր մասը զիջել, ունենանք 5000-ից ավելի զոհ, վիրավորներ, գերիներ, անհետ կորածներ, 10,000-ից ավելի հաշմանդամներ, ու  այդ իշխանությունը բարոյական, քաղաքական իրավունք ունի իշխել մեր ժողովրդին, չարաչար սխալվում է»,-նշեց Սաղաթելյանը։

Նա նաև հայտնեց՝ իրենց գործողությունների մեջ մարտավարական փոփոխություններ, բնականաբար, անելու են, բայց  ասել են՝ այս իշխանության հեռացման ճանապարհը համաժողովրդական հանրային ճնշման միջոցով է լինելու։ 

Սաղաթելյանի խոսքով՝  այս ամբողջ ժամանակահատվածը կորուստ է եղել մեր երկրից և պետությունից․

«Այս դադարը նաև լավ հնարավորություն էր մեր քաղաքացիներին իրավիճակը ամբողջությամբ գնահատելու և խորությամբ հասկանալու։ Մեր ժողովուրդը այս չարիքի կառավարության դեմ ապստամբելու իրավունք ունի, դա մեր բնական իրավունքն է»։

Երկրում կայունություն, առաջընթաց, խաղաղություն չի լինելու, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում է, համոզմունք ունի Իշխան Սաղաթելյանը, ով նաև պնդում է՝ իրենց պայքարը շուտով կվերածվի համաժողովրդական շարժման։

Իշխան Սաղաթելյանը հարց է բարձրացնում ՝ պատերազմից 3 ամիս անցել է, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետերը, Կառավարության մյուս անդամները, ԱԺ նախագահը չեն գնում Արցախ․ 

«2,5 տարի գնացել են, մեզ խաբել են, այսօր անտեր են թողել Արցախը, վաղը թողելու են Սյունիքը։ Ինչո՞ւ չեն գնում, ադրբեջանցիները չե՞ն թողնում, թե չգիտեն՝ ինչ պիտի ասեն»։

Ընտրությունների միջոցով վերարտադրվելու  շանս այս իշխանությունը չունի, համոզված է Սաղաթելյանը։