Գերիների հարազատները բացել են Գյումրի-Երեւան ճանապարհը՝ ԱԱԾ տնօրենի հետ հանդիպելու պայմանով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր կեսօրից անհետ կորածների ու գերեվարվածների հարազատները փակել են Գյումրի- Երեւան, Գյումրի -Արմավիր ճանապարհները:
Բողոքի ակցիայի մասնակիցները նշել են, որ փակված ճանապարհները չեն բացվի այնքան ժամանակ, մինչեւ հստակ տեղեկություն չունենան իրենց երեխաների մասին եւ իրենց ձայնը հասնի համապատասխան ատյաններ:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները բանակցությունների արդյունքում որոշեցին բացել Գյումրի-Երևան ճանապարհը:
Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արաքսյա Կիրակոսյանը փոխանցեց, որ Շիրակի մարզպետը և ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը տեղում հանդիպել են գերեվարվածների հարազատների հետ։
Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ վաղը հարազատների հետ կհանդիպի ՀՀ ԱԱԾ տնօրենը: Ճանապարհի փակ լինելու պատճառով ավտոմայրուղում մեքենաների մի քանի կիլոմետր ձգվող խցանումներ են առաջացել։