Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գերիների խնդրի մասին ինձ հիշեցնելու ու գործողություն պարտադրելու անհրաժեշտություն չկա․ Փաշինյան (տեսանյութ)

Գերիների վերադարձի հետ կապված դժգոհություն կա ոչ միայն Շիրակի մարզում, դժգոհություն կա նաև կառավարությունում, Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի դիտարկմանը, թե Շիրակի մարզում դժգոհություն կա, գերիների ծնողները փակել են միջպետական ճանապարհը և ցանկանում են հանդիպել վարչապետին։

«Բոլորս էլ դժգոհ ենք, որևէ մեկը գոհ չէ, ես կարող եմ ասել, որ պլանավորում եմ Շիրակի մարզ այց, որտեղ տարբեր հանդիպումներ կունենանք, այդ թվում՝ գերիների հարազատների հետ», - ասաց վարչապետը և հավաստիացրեց՝ գերիների խնդիրների մասին իրենց հիշեցնելու անհրաժեշտություն չկա, որովհետև ոչ մի վայրկյան այդ խնդրի մասին չեն մոռանում․

«Այդ խնդրի հետ կապված մեզ որևէ գործողության դրդելու համար, որևէ ակցիա անելու անհրաժշետություն չկա, որովհետև այդ ակցիաները մեր գլխում են, մեր մտքում են, մեր սրտում են», - ասաց Փաշինյանը և հորդորեց ուղղորդվել բժշկական սկզբունքով՝ չվնասել։

Փաշինյանի խոսքով՝ համոզվել է, որ  եղել են մի շարք գործողություններ, երբ թվացել է, թե կատարում են ի նպաստ խնդրի շուտափույթ լուծման, բայց գործնականում հակառակն է տեղի ունեցել․

«Գերիների հարցն առաջնահերթություն է և ոչ միայն մեր առաջնահերթությունն է, ամենօրյա աշխատանք է կատարվում դրա հետ կապված, Ռուսաստանի մեր գործընկերները շատ ակտիվ ներգրավված են այդ գործընթացի մեջ», - վստահեցրեց ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց՝  ինչքան քիչ հրապարակային լինի այս ուղղությամբ աշխատանքն, այնքան լավ։