Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կստացվի, որ քրեական գործեր եք հարուցել, որ մեղքը ձեր վրայից գցեք․ Էդմոն Մարուքյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)

Պատերազմից հետո երեք ամիս է՝ մենք առաջարկում ենք փաստահավաք խումբ ստեղծել և քննել նախապատերազմյան շրջանը, պատերազմի կառավարման ընթացքը, սպառազինությունը, բանակցությունների ընթացքը  և համապատասխան զեկույցով հանդես գալ։Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԼՀԿ ղեկավար էդմոն Մարուքյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին․

«Ես պատրաստել եմ օրենքի նախագիծ, որով առաջարկում եմ ստեղծել փաստահավաք խումբ, ես հիմա ուզում եմ հստակ վարչապետից ՝ որպես պատերազմի գլխավոր հրամանատար, թիվ մեկ բանակցող, այսօր ճգնաժամի թիվ մեկ պատասխանատու, հետաքրքրվել՝ չե՞նք ուզում քննել և ճշմարտությունն իմանալ»։

Ի պատասխան՝ վարչապետն արձագանքեց, թե երբ ուսումնասիրել է ԼՀԿ-ի առաջարկած նախագիծը, տեսել է, որ հանձնաժողովը 70-ով պետք է կազմված լինի այն քաղաքական ուժերից, ովքեր հարցերի պատասխանները արդեն տվել են տարբեր ամբիոններից․

«Այսինքն՝ եթե նրանց համար կա քննության կարիք, ինչո՞ւ են նրանք հրապարակել եզրակացությունները։ Երկրորդը՝ վերջին անգամ մենք փորձել ենք Ձեզ հրավիրել քննարկման այդ թեմայի վերաբերյալ, Դուք հարկ չեք համարել գալ և մասնակցել քննարկմանը, երրորդ՝ այս պահին պատերազմին առնչվող հազարից ավելի քրեական գործ կա քննվող և չորրորդ՝ ես կարծում եմ՝ քննության քաղաքական մեխանիզմը հստակ դրված է մեր երկրի գործող օրենսդրության մեջ և այդ մեխանիզմը ԱԺ քննիչ հանձնաժողովն է»։

Վարչապետի դիտարկումներին ի պատասխան՝ ԼՀԿ ղեկավարն արձագանքեց, թե եթե խոսք է գնում մյուս ուժերի հայտարարությունների մասին, ապա վարչապետն էլ տվել է պատասխանները և ասել, որ նախկիններն են մեղավոր․

«Ինչ վերաբերում է քրեական գործերի հարուցմանը, Մարտի 1-ի դեպքերից հետո քրեական գործ կար հարուցված, բայց ստեղծվեց փաստահավաք խումբ, Ապրիլյան պատերազմից հետո քրեական գործեր կային, բայց երկրում ստեղծվեց քննիչ հանձնաժողով, հիմա քննիչ հանձնաժողովը չի ունենալու վստահության մակարդակը, քանի որ մեծ մասը իշխանության ներկայացուցիչներ են լինելու, ես կարծում եմ՝ ճիշտ է բոլոր ուժերին հրավիրել հանձնաժողով, քննել և ստուգել իրենց և Ձեր հայտարարությունները։ Քրեական գործերով չի լինեու վստահությոն, լինելու է հետևյալը, որ դուք քրեական գործ եք հարուցել, որ մեղքի բեռը ձեր վրայից գցեք»։

Վաչապետն ասաց՝ կնայեն փոփոխված տեքստը, որն արդեն օրենքի նախագծի տեսք ունի, և կարձագանքեն ԼՀԿ-ի առաջարկին։