Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Կվերանայվեն տուգանքների չափերը (տեսանյութ)

Պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Բաբկեն Թունյանն առաջարկում են փոփոխություններ կատարել «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում: Նպատակը սպառողների շահերի պաշտպանությունն ու խախտումների կանխարգելումն է:

Նախատեսվում է խստացնել սպառողներին վարկավորման կամ ավանդների ներգրավման գործառույթի իրականացման համար նախատեսված կարգավորումները խախտելու համար սահմանված   տուգանքների չափերը: Գործող օրենքներով սահմանված են  տուգանքի հետեւյալ չափերը` առաջին  խախտման համար` 100 հազար, երկրորդի համար` 200 հազար, իսկ երեք եւ ավելի խախտման համար` 500 հազար ՀՀ դրամ:  Տուգանքն օրինախախտ բանկից գանձելու է Կենտրոնական բանկը՝ հօգուտ պետական բյուջեի:

Որոշ պատգամավորներ անարդար  համարեցին  հօգուտ պետբյուջեի բռնագանձումը՝ առաջարկելով տուգանքի մի մասը փոխանցել սպառողին: Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի  կարծիքով՝ առաջարկվող  փոփոխությունները  ոչինչ  չեն տալու սպառողին, կա նաեւ վարկերի տոկոսադրույքների բարձրացման վտանգ: Նա առաջարկեց  շրջանառությունից հանել փաթեթը: Այս տեսակետին չհամաձայնեցին  հեղինակները՝ պնդելով, որ այն միտված է  պաշտպանելու բացառապես  սպառողների շահերը, բացի այդ՝ այն չի կարող ազդել վարկերի տոկոսադրույքների փոփոխման վրա:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 5-ի հերթական նիստում քննարկված օրենքի նախագիծը, ըստ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի, ընդունվելուց հետո ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա հուլիսի 1-ից: