Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Թաթոյան
A A
Պաշտոնական

ՄԻՊ-ը ներկայացրել է կարևոր պատմական փաստ՝ Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի առնչությամբ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է կարևոր պատմական փաստ՝ Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի առնչությամբ․
 
«Հայաստանի խորհրդայնացման օրերին՝ 1920 թ. նոյեմբերի 30-ին Ադրբեջանի հեղկոմը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ Խորհրդային Ադրբեջանի եւ Խորհրդային Հայաստանի միջեւ այլեւս սահմանային խնդիր գոյություն չունի, Զանգեզուրն ու Նախիջեւանը անցնում են Հայաստանին, իսկ Ղարաբաղի լեռնային մասին տրվում է ինքնորոշման իրավունք: Դեկրետը դեկտեմբերի 2-ին հրապարակվել է Բաքվի «Կոմունիստ» թերթում: Ավելին, դրանից հետո Ադրբեջանի հեղկոմն ազդարարել է. «Այսօրվանից վերացված են հայտարարվում սահմանների մասին վեճերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը համարվում են ՀՍԽՀ մասեր»: Որոշում-դիմումը տպագրվել է Երեւանի «Կոմունիստ» թերթի 1920 թ. դեկտեմբերի 7-ի համարում:
Հետաքրքիր փաստ է նաև, որ ՌԿ(բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոն 1921 թ. հունիսի 3-ին Խորհրդային Հայաստանի կառավարությանը հանձնարարել է Հռչակագրով հայտարարել «Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին պատկանելու մասին»: Բյուրոյի որոշումն ընդունվել է միաձայն, կողմ արտահայտվողների թվում է եղել նաեւ Ադրբեջանի հեղկոմի նախագահ Ն.Նարիմանովը:
Ի կատարումն Կովկասյան բյուրոյի որոշման՝ ՀՍԽՀ ժողկոմխորհը, կառավարության նախագահ Ա. Մյասնիկյանի ստորագրությամբ, 1921 թ. հունիսի 12-ին ընդունեց համապատասխան հայտարարություն. «Ադրբեջանի ՍԽՀ հեղկոմի հռչակագրի եւ Հայաստանի ու Ադրբեջանի ՍԽՀ-ների կառավարությունների միջեւ եղած համաձայնության հիման վրա հայտարարվում է, որ Լեռնային Ղարաբաղը այժմվանից կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության անբաժան մաս»:
 
Արման Թաթոյան
 
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան