Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 1-ը փետրվարի․ «Եթե ադրբեջանցիները շուն ու կատու են պահում, Ծառուկյանն էլ պետք է առյուծ ու վագր պահի» (տեսանյութ)

1998-ի փետրվարի 1-ին կոմունիստները ժողովրդին խոստանում են Տեր-Պետրոսյանի իշխանությանը հեռացնել դագաղով: Նրանք պահանջում են խորհրդարանի եւ նախագահի արտահերթ ընտրություններ: Եվ ուզում են հասարակարգ փոխել, ոչ թե միայն իշխանությունը: Մարդիկ միտինգի են եկել Խորհրդային Միության անձնագրերով, Ռուսաստանի եւ Հայաստանի կոմունիստ առաջնորդների պաստառապատկերներով:

1999-ի փետրվարի 1-ին քաղաքական դաշտի ամենակարեւոր թեմաներից է Երկրապահի ներկայացրած եւ հենց այսօր ընդունվելիք Ընտրական օրինագծի քննարկումը : Ընդդիմությունն այն համարում է Հանրապետականի դեմքը, որով ինքը կարող է առանց պատասխանատվության կեղծել ընտրությունները: Հանրապետականի ներկայացուցիչը համաձայն չէ՝ երկրապահները թույլ չեն տա, որ երեք ամիս հետո տեղի ունեցող խորհրդարանի ընտրությունները կեղծվեն: Ի դեպ, նույն օրը 88 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ օրենքն ընդունվում է:

2000-ի փետրվարի 1-ին Զեյթունի ուսանողական հանրակացարաններում «Արմենթելն» ուզում է հեռախոսային խոսակցական կետերը փոխարինել քարտֆոններով: Ուսանողական ավանի կառավարիչն ուզում է, որ երկուսն էլ մնան, քանի որ խոսակցակետերն ուսանողներին մատչելի են: Ուսանողներին քարտֆոնների գաղափարը չի ոգեւորում:

Նույն օրը Գառնիկ Իսագուլյանն ուրվագծում է հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների շրջանակը: Ըստ նրա, Վազգեն Սարգսյանին սպանողներին պետք է փնտրել հենց նրա շրջապատում, որոնք նստած են եւ Հանրապետական կուսակցությունում եւ կառավարությունում:

2001-ի փետրվարի 1-ին պատգամավոր Սասուն Միքայելյանն Ազգային Ժողովի ամբիոնից պահանջում է հոկտեմբերի 27-ի գործով տուժող ճանաչել խորհրդարանին եւ կառավարությանը: Ներկայիս կառավարությունը նրա եւ Ռուբեն Գեւորգյանի սրտով չեն:

2001-ի այս օրերին Շուշիի ազատագրման հիմնական դերակատար Արկադի Տեր- Թադեւոսյանն անելիք չունի: Երեւանի տոնավաճառների առեւտրականները 2001-ի այս օրերին կառավարության մոտ բողոքում են Հաշվիչ դրամարկղային մեքենաներ տեղադրելու որոշման դեմ: ՀԴՄ-ները հավելյալ բեռ են, իրենք արդեն գումար են վճարում տոնավաճառի տեղի համար, նաեւ՝ շրջանառության 4 տոկոսի գումարը: Նրանց ընդունում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Որոշակի խոստումներ չկան: Վաճառականներն ասում են՝ ձրի էլ չեն համաձայնվի ՀԴՄ-ներ տեղադրելուն:

2008-ի այս օրերին ակտիվ քարոզարշավ է: Սերժ Սարգսյանը քարոզարշավ է մտել «Առաջ Հայաստան» կարգախոսով: 2010-ի այս օրերին ադրբեջանական մամուլը գրում է, որ հայ ժողովուրդը սոված է, իսկ Գագիկ Ծառուկյանն ամեն օր իր առյուծներին 10 կիլոգրամ միս է տալիս։ Ծառուկյանը պատասխանում է. «Բայց ադրբեջանական մամուլն իմ առյուծների հետ ի՞նչ կապ ունի: Ադրբեջանն իրա գործերով զբաղվի եւ նորից եմ ասում՝ եթե ադրբեջանցիները սաղ իրենց տաներում շուն ու կատու են պահում, Ծառուկյանն էլ ինձ թվում ա՝ պետք է առյուծ ու վագր պահի»:

2013-ի հունվարի 30-ին Սերժ Սարգսյանն այցելում է մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին: Պարոն Սարգսյանն ուրախ է:  Հայրիկյանը նրան զեկուցում է, որ ժամ առ ժամ լավանում է: Ինչպես փոքր-ինչ ուշ երեւում է, Սերժ Սարգսյանն էլ լավ մարզավիճակում չէ: Րաֆֆի Հովհաննիսյանը կհամբերի, եթե նախագահի ընտրությունները Հայրիկյանի դեմ մահափորձի պատճառով հետաձգվեն: Ինքը նույնպես Հայրիկյանին տեսության եկածներից է, նույնիսկ՝ երկու անգամ: «Օն իստոչնիկ նաշեվո գասուդարստվո»,-ռուս լրագրողին ամերիկահայ Հովհաննիսյանը տեղեկացնում է, թե ում վրա են կրակել: