Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հրմշտոց ոստիկանների և ցուցարարների միջև. կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք իրականացնող քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ Կառավարության շենքի մոտ բախում և քաշքշուկ տեղի ունեցավ։

Հանրահավաքի մասնակիցները, որոնք հավաքված էին Դատախազության շենքի առջեւ, հայտարարեցին, որ շարժվում են Կառավարության շենք։

«Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը հայտարարեց․

«Մենք գալիս ենք ազատագրելու կառավարության շենքը թշնամիներից եւ հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր պատրաստ են ստանձնելու երկրի կառավարությունը, պարտավոր եք գալ եւ ստանձնել ժամանակավոր կառավարումը»։

Արդեն կառավարության շենքի մոտ իրավիճակը լարվեց, քաղաքացիները փորձում էին մուտք գործել շենք, ոստիկանները, սակայն թույլ չտվեցին։ Այս պահին հավաքի մասնակիցները առաջնորդների կոչով շարժվում են իրենց նախնական հավաքի վայր՝ ՀՀ դատախազության մոտ։

Հավաքի կազմակերպիչներից մեկն հայտարարեց՝ արեցին այն, ինչ վեր էր իրենց ուժերից․ «Մենք եկել ենք կատարելու մեր սրբազան պարտքը, այդ պարտքը մեր պետությանը տեր կանգնելն է, սա մեր սահմանադրական իրավունքն է, հետևաբար՝ մենք կգնանք գրասենյակ, կվերլուծենք իրավիճակը, նորից կոչերով հանդես կգանք գործողություն կատարելու համար։ Մենք պետք է վաղը, վաղը չէ մյուս օրը իրականացնենք այս գործառույթը։ Մենք այսօր պարտվեցինք, որովհետև քիչ էինք, եթե լինեինք բավարար չափի, ոստիկանությունը այլ պահվածք կունենար և մեզ կպաշտպաներ»։ Հավելենք նաև, որ կան բերման ենթարկվածներ, այդ թվում՝ Արշակ Զաքարյանը։