Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ձևավորված դատական բուրգի ստորադաս դատարաններն իրենց որոշումներում կախված են վերադաս դատարաններից. Գագիկ Ջհանգիրյան (տեսանյութ)

Ազգային ժողովում ընթացող Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցով նիստում ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրված Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթի ընթացքում անդրադարձավ Բարձրագույն դատական խորհրդի մի շարք խնդիրներին,  մասնավորապես խոսեց դատարանների և դատավորների անկախության մասին։

Նրա խոսքով՝ սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ ԲԴԽ հիմնական առաքելությունը դատարանների և դատավորների անկախության երաշխավորումն է։ Այստեղից հետևում է, որ այդ անկախության երաշխավորող մարմինն ինքը նախ և առաջ պետք է լինի անկախ և գործի անկախ․

«Պետք է արձանագրենք, որ սահմանադրական մակարդակում հռչակվում է ԲԴԽ անկախ պետական մարմին լինելու հանգամանքը։ Բացի այդ, ԲԴԽ անդամները, ընտրվելով թե՛ դատավորների ընդհանուր ժողովի և թե՛ Ազգային ժողովի կողմից, հաշվետու չեն իրենց ընտրող մարմիններին, դրանով իսկ անկախ են և գործում են անկախ։ Հավելենք, որ ԲԴԽ բոլոր անդամները ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորի աշխատավարձին համապատասխան վարձատրություն են ստանում, ինչը բավականին բարձր է», - ասաց Ջհանգիրյանը։

Ելույթի երկրորդ մասում նա անդրադարձավ տարածված այն միտմանը, որ եթե դատարաններն ու դատավորները անկախ են գործադիր և օրենսդիր իշխանություններից, ուրեմն նրանք անկախ են։ Իրականում այդ կախվածության կամ անկախության գործոնները շատ ավելի շատ են․

«Դատավորները պետք է անկախ լինեն ֆինանսական խոշոր կարողություններ ունեցող սուբյեկտներից, քրեական կամ գողական համակարգերից, ընդդիմադիր և իշխանական ուժերից, այլ կլաններից։ Բացի այդ, կա անկախության ևս մեկ շատ կարևոր ներքին խնդիր՝ ստորադաս դատարանների անկախությունը վերադաս դատարաններից», - ասաց նա։

Շատ կարևոր հանգամանք է նաև գործող դատական համակարգի զտման խնդիրը, նշեց Ջհանգիրյանը․ « Ցավոք սրտի,  նոր իշխանության եկած քաղաքական ուժն անցած տարիների և ամիսների ընթացքում այդ ուղղությամբ գործնական քայլեր չի կատարել և դատական ուժը մնացել է հնի ժառանգորդ ու այդպես իներցիայով շարժվում է առաջ»։

 

Մանրամասները՝ տեսանյութում